Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանի բաց ասուլիսը. Անիծվի էն օրը, որ ես… (թարմացվում է)

Լևոն Տեր-Պետրոսյանի բաց ասուլիսը. Անիծվի էն օրը, որ ես… (թարմացվում է)

Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Ազատության հրապարակում պատասխանել է մեկ օրվա ընթացքում ստացած հարցերի մի մասին:

20:56 Լևոն Տեր-Պետրոսյանն ավարտեց բաց ասուլիսի այսօրվա չափաբաժինը: Նա պատրաստակամություն հայտնեց շարունակել զրույցը հավաքվածների հետ նման ձևաչափով:

20: 46 Հարց. Ձեր կյանքում թույլ տված ամենամեծ սխալը:

Տեր-Պետրոսյան. Անիծվի էն օրը, որ ես քաղաքականություն մտա: Ես լավ գործ ունեի, բայց դա պարտքի զգացումն էր, որ ես մտա: Դա իմ գործը չէր: Քաղաքականությունը այն բանը չէ, որ կարող է հոգևոր բավարարություն տալ: Բայց շատ հայտնի մարդիկ էլ ժամանակին ստիպված են եղել թողնել գրիչը: Չարենցի նման բանաստեղծը թողեց ամեն ինչ, կամավոր գրվեց: Թող կայացած պետություն լիներ, նորմալ պետություն, ազգը կանգնած չլիներ վտանգների առաջ, ձեզանից շատերը կզբաղվեիք հաճույք պատճառող գործով:

20:41 Հարց Արմնյուզ հեռուստաընկերությունից. Ֆրանսիայի նախագահի այցելության ժամանակ նստացույցերը շարունակվելո՞ւ են:

Տեր-Պետրոսյան. Ես կարծում եմ, որ Սարկոզիի այցի ժամանակ ցույցերը ոչ միայն կշարունակվեն, այլ նաև ավելի շատ լինեն: Նա շատ կուրախանա, քանի որ կհամարի դա ֆրանսիական հեղափոխության արդյունքերից մեկը:

20:36 Հարցը. Ինչո՞ւ հրապարակում չեն Խաչատուր Քոքոբելյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Ալեքսանդր Արզումանյանը:

Տեր-Պետրոսյան. Մի քիչ անհարմար չէ՞ խոսեմ իմ ընկերների մասին: Բայց մի բան ասեմ. ինչ-ինչ պատճառներով նրանք խռովել են կամ ինձնից, կամ Զուրաբյանից: Դա շատ նորմալ է: Ինձնից էլ կարելի է խռովել, Զուրաբյանից էլ: Ես էլ Զուրաբյանից մեկ-մեկ խռովում եմ: Բայց էստեղ հավաքված է ժողովուրդը: Նրանից չի կարելի խռովել: Ոչ ոք իրավունք չունի խռովել ժողովրդից:

20:32 Հարց. Ինչ գրքեր եք կարդում վերջին շրջանում և որ ֆուտբոլային թիմին եք երկրպագում:

Թե ինչ գրքեր եմ կարդացել. ես ուրիշ զբաղմունք չունեմ` այգեգործություն, միտինգ-միտինգ, ընթերցանություն և թոռներիս հետ գզվռտոց: Եթե մի քանի էջ չկարդամ, չեմ կարող քնել: Նույնիսկ այս ընթացքում շատ սիստեմատիկ կարդացել եմ ամբողջ Մարկեսը, Սարամագոն, Վառլամ Շալամով, և մի հանճարեղ, բայց քիչ ծանոթ, կես հայ, մոր կողմից հայ թիֆլիսեցի` Սերգեյ Դովլատով: Վոյնովիչի բոլոր գրքերն եմ կարդացել:

Ֆուտբոլի մասին. Չեմ հիշում երբ էր, Հայաստանի և Իսպանիայի թիմերն էին խաղում Հայաստանում:   Ընդմիջման ժամանակ ինձ իսպանացի ժուռնալիստը հարցրեց` ինչպես կավարտվի խաղը: Ես պատասխանեցի` 5:0:

(Տեր-Պետրոսյանը թվում է թիմերը` Մանչեսթեր Յունայթեդ, Ռեալ, Բարսելոնա և վերջում գոռում` Բարսելոնաաա):

20:21 Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ-ում ստեղծված քաղաքական իրավիճակը:

Ինձ Ռուսաստանի էքսպերտ համարել եմ մինչև 1988 թվականը: Ես ինձ թույլ չեմ տա գնահատել:  Դա ոչ միայն քաղաքական առումով կոռեկտ չի լինի: Եթե ես համոզված լինեի, ես կխոսեի: Ինձ թվում է` իշխանության փոփոխությունը որևէ ազդեցություն չի ունենա ՀՀ-ի հետ հարաբերություններում: Մի առասպել կա` այն, որ Հայաստանում նույն փոխատեղումները կարող են լինել: Մենք էլ լուսնի վրա չենք ապրում: Մենք շատ լավ գիտենք, որ Քոչարյանի մոսկովյան հենարանները փուչ են: Նա երեք տարի շարունակ չափչփում է Ռուսաստանի երրորդական կարգի պաշտոնյաների դռները, որպեսզի կարծիք ձևավորի նրանց մոտ: Նա երբեք ավելի բարձր կարգի պաշտոնյաների չի հասել: Մի բան էլ կա. այնքան էք ասում, որ կամաց-կամաց սկսում է հավատալ իր ստերին:

20:18 Տեր-Պետրոսյանը կոռուպցիան արմատախիլ անելու մասին. Տվեք մեզ հեռուստատեսություն, և երկու օրում այս հանցագործները բանտում կհայտնվեն:

20:03 Հարց. Ձեր պաշտոնավարման տարիների սխալներից ինչո՞ւ չեք խոսում, օրինակ, ատոմակայանի փակում:

Տեր-Պետրոսյան. Ե՞րբ է փակվել ատոմակայանը: 1989 թվականին: Իսկ այդ ժամանակ մենք որտե՞ղ էինք: Մենք «Մատրոսկայա տիշինայում» նստած էինք: Մենք էնտեղ նստած ինչպե՞ս էինք փակում ատոմակայանը: Այն փակվել է Խորհրդային Միության ամենաբարձր ատյանների որոշմամբ:

20:00 Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթին, որի ընթացքում նա առաջարկել էր պետական մեխանիզմ մշակել ԽՍՀՄ ժամանակ Հայխնայբանկում փողեր ունեցած և կորցրած մարդկանց ավանդները վերադարձնելու համար, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ազատության հրապարակում սկսվել է Հայխնայբանկում հաշիվներ ունեցած մարդկանց գրանցումը:

19:45 Հարց. Կխնդրեի ներկայացնեիք սահմանադրական կարգի մասին ձեր պատկերացումը: Քաղաքացիական, քաղաքական և տնտեսական տեսանկյուններից ձեր հաղթանակի դեպքում ինչպիսի՞ վիճակում կհայտնվեմ ես կամ ինձ նմանները, երբ ձեր քաղաքական կազմի մաս չենք կազմում:

Տեր-Պետրոսյան. Սահմանադրակական կարգ նշանակում է այն, ինչ գրված է Սահմանադրությունում: Սա իմ ուսումնառության տարիներին տրված ամենահեշտ հարցն է:

 

19: 41 Հաջորդ հարցը վերաբերում է 90-ականներին ձերբակալված դաշնակցական գործիչներին:

Տեր-Պետրոսյան. Ի՞նչ էր պարզվել: Բացվել էր մի նարկոտիկների գործ, և մեզ հաջողվեց պարզել և կանխել: Պարզվեց, որ այստեղ գործում է մի տեռորիստական խումբ, հետո պարզվեց, որ դրանք դաշնակցականներ էին: Ինչ է տեղի ունեցել… եթե նրանք քաղբանտարկյալ են, նրանցից մեկը Դրոյի գործով, մյուս երկուսը` երեսունմեկի գործով, ապա իմ իշխանության օրոք նրանք նստել են երեք տարի, իսկ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի օրոք տասնչորս տարի: Ինչո՞ւ իշխանության մեջ եղած դաշնակցականները չեն ազատում նրանց:

19:37 Հարց «Ազատություն ռադիոկայանից». Ինչո՞ւ է ՀԱԿ-ը ցանկանում վերսկսել երկխոսությունը. ո՞րն է նպատակը:

Տեր-Պետրոսյան. Մենք էլ, նրանք էլ գիտենք, որ երկրում կան խնդիրներ: Եվ առաջակեցինք նման ձևով քննարկել հարցերը, որպեսզի խուսափենք արաբական երկրներում կատարվողից: Եթե մենք ուժ չլինեինք, ոչ ոք մեզ հետ հաշվի չէր նստի: Եթե մեր թիկունքում մարդ չկա, ժողովրդի ճնշումը չկա, ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, էլ ով կա` Վարդան Օսկանյանը, ոչ ոք հաշվի չէր նստի:

19:31 Հարց. Ինչպե՞ս եք գնահատում եկեղեցում տիրող բարքերը: Ի՞նչ եք կարծում եկեղեցին ռեֆորմների կարիք ունի, թե ոչ:

Տեր-Պետրոսյան. Հարցը սխալ է ձևավորված. Նախ պետք է ըմբռնել եկեղեցու էությունը: Եկեղեցին անջատված է պետությունից: և պատմական ակնարկ, թե ինչպես եկեղեցին անջատվեց պետությունից` ինձ համար սկզբունքայինը սա է: Ամենակարևորն ինձ համար այն է, որ եկեղեցին բացարձակապես պետք է անջատ լինի պետությունից (Տեր-Պետրոսյանը երկու հուշ է պատմում, որից հետո նշում է, որ իր ժամանակ եկեղեցին անջատ էր պետությունից): Ես կերազեի, որ այսօր էլ եկեղեցին լիակատար ազատ լիներ պետությունից: Չդառնար պետության գործիքը, ինչպես ցավոք այսօր է:

19:27 Հարց. Ճիշտ են արդյոք այն խոսակցությունները, որ տեղյակ չեք եղել և չեք ցանկացել Շուշիի ազատագրումը:

Տեր-Պետրոսյան. Եթե ձեզ թվում է, որ ինձանից պետական գաղտնիք կկորզեք, սխալվում եք: Ես Ղարաբաղի հարցում որևէ պետական գաղտնիք չեմ հայտնի, մինչև հարցի վերջնական լուծումը: Թող ասեն, որ ես տեղյակ չեմ եղել Լաչինից, Քելբաջարից, Շուշիից: Թող ասեն, բայց կարևորն այն է, որ դրանք ազատագրված են: Թող հաղթանակ լինի: Ով ուզում է թող այդ հաղթանակին տեր կանգնի:

19: 20 Հարց` Գևորգից, 2008 թվականի մարտի մեկը շատերը համեմատում են 1996 թվականի սեպտեմբերի քսանվեցի հետ: Ինչ կասեք այդ կապակցությամբ:

Տեր-Պետրոսյան. Համեմատությունը տեղին է միայն մեկ պարագայում: Երկու իրադարձություններն էլ տեղի են ունեցել ընտրություններից հետո: Սրանով համեմատությունն ավարտվեց: Այն, ինչ տեղի է ունեցել 2008-ին` աննախադեպ է:

Վազգեն Մանուկյանը մտել է ԱԺ, և ասել, եթե քսան րոպեից չգամ, եկեք իմ հետևից: Այն ժամանակ բոլոր ոստիկանական ուժերը ենթարկվում էին Սերժիկ Սարգսյանին: Նա հետո փոխեց իր անունը: Նա անձնագրով Սերժիկ Սարգսյան է: Երբ մոտեցել էին ճաղերին, Սերժիկը մոտեցավ ինձ, ասեց` շեֆ, պետք ա կրակել: Ես ասացի` ոչ մի դեպքում: Բայց, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահին առևանգել և Լինչի դատաստանին են ենթարկել, Սարգսյանն ասաց` պետք ա կրակել,

ես ասացի` միայն օդ: Այդ ընթացքում, ոչ մի մարդ հրազենային վնասվածք չի ստացել: Ովքեր համեմատում են, նրանք այս մարդասպանների փաստաբաններն են:

19:18 Արման Մուսինյանը հայտարարեց, որ երեկվանից ՀԱԿ-ը շուրջ 400 հարց է ստացել:

19:08 Արամ Մանուկյանը շնորհակալություն է հայտնում Ազատության հրապարակում ներկա ոստիկաններին լավ աշխատանքի համար: Հավաքվածները ծափահարեցին:

18:50 Նիկոլ Փաշինյան. Վերջին ժամերի ընթացքում իշխանական որոշակի շրջանականեր մեր հանրահավաքին մարդ են ուղարկում: Գալիս են ինչ-որ դեմքեր, ոչ սթափ վիճակում են գալիս: Ոչ ներկայանում են, ղեկավարությունից ոչ ոքի չեն ճանաչում, բոլոր իմքերը կան պնդելու որ այդ գործողություններն իրականացնում են իշխանության շրջանակների կողմից:

18:40 Ազատության հրապարակ է ժամանել ՀՀ առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

17:32 Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրեց, որ ոստիկանության աշխատակիցներին հանձնարարել են մտնել վրաններ, որոնք ընդդիմության ակտիվիստները տեղադրել են Ազատության հրապարակում: Փաշինյանը հորդորել է յուրաքանրյուր վրանում հերթապահ նշանակել հնարավոր սադրանքները կանխելու համար: Այժմ Փաշինյանը շրջում է հրապարակում և ճշտում, թե արդյոք վրանների մոտ հերթապահներ կան:

18:22 Հանս-Յոխեն Շմիդտը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ է խոսել Տեր-Պետրոսյանի հետ: Մանրամասները 20 րոպեից կարդացեք Epress.am-ում:

13:20 Ազատության հրապարակի հանրահավաքների 4-րդ օրվա ելույթները մեկնարկելու են 18:30-ին:

12:41 Այս պահին Ազատության հրապարակում գտնվող Լևոն Տեր-Պետրոսյանը զրուցում է Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հետ:

10:00 Գիշերը` 01:30-ի սահմաններում, ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցներին այցելել է ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա մուտքը հրապարակ մեծ աշխուժություն է առաջացրել: Տեր-Պետրոսյանը շրջել է վրաններով և զրուցել է մարդկանց հետ:

09:59 Գիշերվա ընթացքում հավաքվածների մեծ մասը քնած չէին, նրանք զբոսնում էին հրապարակով: Այդ ընթացքում մի քանի անգամ Ազատության հրապարակ էին մտնում ալկոհոլ ընդունած մարդիկ, որոնց Կոնգրեսի ներկայացուցիչները խնդրում էին հեռանալ հրապարակից: 04:00-ի սահմաններում ՀԱԿ-ի համակիրները սկսեցին մաքրել հրապարակը:

09:58 Ազատության հրապարակում անցած գիշերվա ընթացքում վրանների թիվն ավելացել է` հասնելով 67-ի:

08:55 Երեկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ցանկացողները կարող են իրեն հարցեր ուղղել, իսկ ինքը կամ համապատասխան մասնագետները կպատասխանեն դրանց այսօրվա հանրահավաքի ընթացքում: ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ հարցերը կարելի է ուղղել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև Twitter-ի միջոցով`www.twitter.com/ancongress հասցեով և SMS հաղորդագրության միջոցով`             093 13 05 15      հեռախոսահամարով: