Նոյեմբերի 28-ին ձերբակալված և երեկ երեկոյան ստորագրության դիմաց ազատ արձակված բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեի անձնագիրը դեռ չեն վերադարձրել: Epress.am-ի հետ զրույցում Վադեվալեն պատմել է, որ ինքն այսօր կնոջ հետ գնացել է քննիչի մոտ, ով իրեն է փոխանցել դատաբժշկական փորձաքննություն անցնելու համար թուղթ:
Վադեվալեի խոսքով` ինքը միայն երեկ է տեղեկացել, թե ինչի համար է ձերբակալվել:
«Երկու օր ես չեմ իմացել` ինչի համար են ինձ պահում անազատության մեջ: Որովհետև Բելգիայում նորմալ է, որ եթե երեխան պրոբլեմ ունի, ծնողը գնա դպրոց` պարզաբանելու: Ես ոչ մի անօրինական բան չեմ արել: Ոչ մի հրմշտոց չի եղել»,- ասել է Վադեվալեն:
Նշենք, որ բելգիացի ակտիվիստն ու իր կինը` Գայանե Վարդանյանը, այսօր գնացել են Սարյանի պուրակ, որտեղ հավաքվել էին քաղաքական զբոսանքների մասնակիցները:
Հիշեցնենք, որ Վադեվալեն ձերբակալվել է դպրոցում տեղի ունեցած միջադեպից հետո, որի ժամանակ կոտրվել էր Սերժ Սարգսյանի նկարը:
Լուսանկարը` Արման Վեզիրյանի