Dorians խումբը չի փոխել իր դիրքորոշումն այս տարի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի առնչությամբ և պատրաստ է Հայաստանը ներկայացնել Ադրբեջանի մայրաքաղաքում, եթե Հանրային հեռուստատեսությունը որոշում կայացնի մասնակցել մրցույթին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Dorians խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը:
Հիշեցնենք, որ երեկ մի խումբ երգիչներ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում Հանրային հեռուստաընկերությանը բոյկոտել Բաքվում կայանալիք երգի մրցույթը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեկ հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցի դիպուկահարի գնդակից սպանվել է 20-ամյա Ալբերտ Ադիբեկյանը:
«Չեմ կարծում, որ դա պաշտոնական որոշում է, դա որոշ երգիչների նամակն է ուղղված Հանրային հեռուստաընկերությանը, որով նրանք հայտնում են իրենց տեսակետը: Սակայն Հանրայինը դեռ որոշում չի կայացրել», – ասել է Dorians-ի պրոդյուսերը:
Անդրադառնալով մրցույթին չմասնակցելու հիմնավորմանը` Ալբերտ Ադիբեկյանի մահվան հանգամանքին, Վահագն Գևորգյանն ասել է.
«Ամենատխուրն այն է, որ երեկվա զինվորի մահը կապվել է «Եվրատեսիլի» հետ և ավելի մեծ աղմուկ բարձրացրել, քան շատ այլ զինվորների մահերը: Մենք հիմա չէ, վաղուց պետք է մտածեինք` որն է բանակում մահերի պատճառը` ով է մեղավոր, որ զինվորները սպանվում են: Իհարկե, ասում են` ադրբեջանցիները, բայց չեմ կարծում, որ մեր բանակում ներքին խնդիրներ չունենք»,- ասել է Dorians-ի պրոդյուսերը: