Այսօր նախագահական նստավայրի դիմացի մայթին անժամկետ նստացույց է սկսել Վանաձորի մանկատան նախկին սան 26-ամյա Թագուհի Քոչարյանը:
Նա Վանաձորից Երևան է եկել այն հույսով, որ նախագահը կօգնի վերանայել գողություն կատարելու մեջ մեղադրվող ամուսնու գործը: Քոչարյանի հետ զրուցած Epress.am-ի թղթակիցը նկատել է, որ Քոչարյանը նստավայրի մոտ է եկել պաստառով ու տաք հագուստներով:
Քոչարյանի ամուսինը՝ Ռոման Կուդաշինը, ով նույնպես մանկատան նախկին սան է, մեղադրվում է մանկատնից 150 հազար դրամանոց երաժշտական կենտրոն գողանալու մեջ: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
Նախագահական նստավայրի դարպասների մոտ ակցիա անցկացնող Քոչարյանին ոստիկանները ուղեկցել են նամակների բաժին, որտեղ նրան հորդորել են գրավոր բողոք ներկայացնել, ինչպես նաև դիմել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, քանի որ հարցը դատախազության իրավասության ներքո է:
Նամակների բաժնից դուրս գալուց հետո կինը ներկայացրել է խնդիրը՝ պնդելով, թե վերջինս մեղավոր չէ և ընդգծելով, որ ոչ մի ապացույց մինչ օրս չի եղել՝ «մանկատան տնօրենը չի բողոքում, ամուսնուս անգամ չի էլ կասկածում»: Ավելի վաղ խնդրի վերաբերյալ Քոչարյանը բողոքի ակցիաներ է անցկացնել ՀՀ կառավարության մոտ:
«6 ամսվա ընթացքում բոլոր ատյաններով անցել եմ, բոլորին դիմել եմ, հրաժարվում են օգնել: Չգիտեմ՝ ոնց բացատրեմ, որ էս կյանքում մի լավ բան չեմ տեսել, վարձով եմ ապրում, պարտքերի մեջ կորած եմ, այս ընթացքում երկու երեխա եմ կորցրել ու դրանից հետո բժշկի չեմ գնացել, հիվանդ եմ, աշխատել չեմ կարողանում, ասեք՝ ո՞նց ապրեմ՝ է՞ս էր մենակ պակաս: Գոնե ապացույցով դատեին իրեն, կհասկանայինք, բայց դատում են դատավորի ներքին համոզմամբ ու ամենածանր հոդվածով»,- ասել է Քոչարյանը:
Վերջինս շեշտել է, թե պարտքով է եկել Երևան և գիշերելու է նախագահականի մոտ այնքան ժամանակ, մինչև արդյունքի կհասնի, ինչին ի պատասխան տարածքում հսկողություն իրականացնող ոստիկաններից մեկն ասել է՝ «որ քնեցիր, ի՞նչն ա փոխվելու, ոչինչ չի փոխվի»:
Քոչարյանն հակադարձել է, թե չփոխվելու դեպքում ինքը կկատարի տված խոստումը ու ինքնասպանություն կգործի:
«Ես երդվել եմ ու կանեմ, եթե մի երկրում ոչ արդարադատության նախարարն ա օգնում, ոչ նախագահը, էլ ո՞ւր գնամ: Ու ես կոչվում եմ Հայաստանի հանրապետության քաղաքացի ու ոչ մեկը ինձ չի օգնում», – եզրափակել է Քոչարյանը: