Home / Հայաստան / Հղի կանանցից 5000 չեն գանձի․ նախարարությունը որոշումը հետ է կանչել

Հղի կանանցից 5000 չեն գանձի․ նախարարությունը որոշումը հետ է կանչել

Երեկ երեկոյան Առողջապահության նախարարությունը հետ է կանչել հղիներին բուժօգնության համար օրական 5000 դրամ վճարներ սահմանելու որոշումը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչ Էլվիրա Մելիքսեթյանը: Այս մասին ՀԿ-ն տեղեկացել է նախարարությունից։

«Հղիների հարցով առհասարակ ոչ մի վճար չի լինի։ Նախարարության աշխատակիցն ասել է, որ մի քանի հիվանդանոցներում ներդրել էին փորձնական վճարներ, դրանք էլ այսուհետ չեն լինի»,- ասել է Մելիքսեթյանը:

Նախարարությունը նաև որոշել էր, որ պոլիկլինիկաներում բուժզննման 500-1000 դրամ սակագներ պետք է սահմանվեն: Այդ մասով որոշումը կասեցվել է առժամանակ՝ դրվելու է քննարկման:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարել էր, որ նշված սակագները սահմանելով, իրենք պայքարում են ստվերի դեմ:

Նախարարն ասել է, որ հղիության 22 շաբաթական վիժման համար պետությունն ավելի շատ գումար է փոխանցում հիվանդանոցին, քան, ասենք, 19 շաբաթականի դեպքում, և բուժհիմնարկները փորձում են օգտագործել այս սողանցը։

«Հիմա ինչպե՞ս անեմ, որ այս խախտումը վերացնեմ: Մեկն այն է, որ ձեռքս խփեմ, ասեմ՝ հրաման են տալիս, ով այսպիսի խախտում անի, կհեռացնեմ: Էլի կգա ինձ մասնագիտորեն կհամոզի, որ 22 շաբաթական էր, 23 շաբաթական էր, ոչ թե 21: Ինքը 2 շաբաթ սխալվելու իրավունք ունի: Բայց ի՞նչ անեմ, որ իմ ստատիստիկան իրական լինի: Ուրեմն ես այս երկուսի գները պետք է նույնականացնեմ»,- ասել էր նախարարը:

Առողջապահության նախարարության որոշումը հարուցել էր հասարակական մեծ դժգոհություն: «Կանանց ռեսուրսային կենտրոնը» երեկ հայտարարել էր, որ այսօր Առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացնելու։