Պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամների հերթական ակցիան ֆինանսների նախարարության առջև թեժ ընթացք ունեցավ:
Միջոցառումը սկսվեց կարճ ելույթներից, «ամոթ», «մենք ենք տերը մեր երկրի», «դեմ ենք» բացականչություններից, որոնք խլացնում էին ժամանակ առ ժամանակ հնչող «Սերժիկ, հեռացիր» բացականչությունը:
«Սահմանադրական դատարանի առաջին աշխատակարգային որոշումից հետո հայտարարվեց, որ եթե օրենքը սահմանադրական ճանաչվի, հնարավոր է, երեք ամսվա պահումներ միանգամից լինեն: Բնականաբար, այս լուրերը ստահոդ էին ու անհիմն: Անգամ ՍԴ աշխատակազմի ղեկավարը պարզաբանում տվեց, որ որևէ մեկը որևէ օրենքով չի կարող երեք ամիս առաջվա աշխատավարձից պահում անել: Շատ գործատուներ, խուճապի մեջ ընկնելով, որոշեցին այդ գումարը պահել աշխատավարձից, չփոխանցել կամուրջ հաշվին, պահել իրենց մոտ ու անհրաժեշտության դեպքում քաղաքացին իր գրպանին այդ մեծ հարվածը չզգա», – ասել է նախաձեռնության ներկայացուցիչներից մեկը:
Ըստ բողոքողների՝ գումարների հնարավորինս արագ ձևով հավաքագրումը նաև բյուջեն արագ լցնելու նպատակ է հետապնդում:
Այնուհետև, երբ հավաքվածները որոշեցին մոտենալ նախարարության շենքին, ոստիկանները պատ կազմեցին՝ այդ մտահղացումը խափանելու համար:
Հավաքվածները պահանջում էին նախարարից իջնել և պատասխան տալ: Նրանք հրաժարվեցին խոսել Դավիթ Սարգսյանի ներկայացուցչի հետ: Ավելի ուշ, սակայն, նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է, որ նախաձեռնության անդամներին առաջարկվեց փոխանցել գրավոր առաջարակներ: Նախաձեռնության անդամներն, ըստ հաղորդագրության, հրաժարվեցին ընդունել ֆինանսների նախարարության՝ երկխոսելու այս առաջարկը:
Ակցիայի մասնակիցների թիվը կրկնապատկվեց, ոստիկանների ջանքերի շնորհիվ նրանից ոմանք մնացին փողոցի երթևեկելի մասում, մյուսները՝ Ազգային պատկերասրահի շենքի պատի տակ: Օրինապահները հրում էին ինչպես ակցիայի մասնակից քաղաքացիներին, այնպես էլ լրագրողներին:
Այս պահին ցուցարարները շարժվում են դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկվածներին ազատելու պահանջով: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ բերման ենթարկվածների թվում են Էդուար Մինասյանը, Հակոբ Արշակյանը և Դավիթ Աղաբեկյանը, կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: