հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՌԴ-ի, Ղարաբաղի, Ուկրաինայի և ԽՍՀՄ դրոշներն ու Կոբզոնի ձայնը Երևանի կենտրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ-ի, Ղարաբաղի, Ուկրաինայի և ԽՍՀՄ դրոշներն ու Կոբզոնի ձայնը Երևանի կենտրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գեորգևյան ժապավեններով, Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության, Ղազախստանի, ԽՍՀՄ-ի ու անգամ ՌԴ ռազմաօդային ուժերի դրոշներով զարդարված ավտոմեքենաների ու մոտոցիկլների շարասյունը կեսօրից հետո շրջում էր Երևանի կենտրոնում։ Մեքենաների ապակիները զարդարված էին մուրճ ու մանգաղներով, «Խփիր ֆաշիստական տականքին» և «Շնորհակալություն պապին հաղթանակի համար» գրությամբ ռուսալեզու պաստառներով։ 

Epress.am-ի թղթակիցը տոնական երթին հանդիպել է Խորհրդային միության հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ։ Նշված հուշարձանը գտնվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտակայքում՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի դիմաց։ 

Երթին մասնակցում էին թե գործող զինծառայողներ և ուժային կառույցների աշխատակիցներ, թե վետերաններ։ Բարձրախոսներից հնչում էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի ձայնը, ով երգում էր «Հաղթանակի օրը» երգը։ Մասնակիցների խոսքով՝ երթը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի պարտության 69-ամյակին։ 

Մեքենաներից մեկի դռներին կողք կողքի ամրացված էին Ուկրաինայի և Ռուսաստանի դրոշները՝ «Կիև», «Մոսկվա» գրությամբ․ իսկ բարձրախոսից հնչում էր՝ «Մենք Եվրոպայի կեսը սողալով անցանք․․․»։ 

Ինչպես պատմեց «Սպեցնազ» գրությամբ սև համազգեստով, ուսադիրներին 6 աստղերով հաղթանդամ տղամարդը, այսօր իրենք միայն նախապատրաստվում են «գլխավոր միջոցառմանը», որը տեղի կունենա մայիսի 9-ին՝ ՌԴ դեսպանության, Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմական բազայի, «Արգո» հայ-ռուսական կազակների միավորման աջակցությամբ։ 

Սաղավարտով երիտասարդն ու ռազմական հագուստով աղջիկը դրոշակները ձեռքներին կանգնել էին արձանի կողքերին՝ «Ես Ռուսաստան՝ տուն եմ ուզում, մորս վաղուց չեմ տեսել» երգի բառերի ուղեկցությամբ։ Այդ ամենը մոտ մեկ ժամ տևեց…