– Խաչատրյանի դեմ ի՞նչ ունեն։ Կարող ա՞ Վագներն ավելի լավն ա։ Իսկ Իսրայելի խնդրանքով սպորտի նախարարը կթլպատվի՞։
– Նույն հաջողությամբ մենք պիտի հրաժարվեինք Բեթհովենից ու Բախից, Գյոթեի ու Հայնեի բանաստեղծություններից։
– Ադրբեջանին առաջարկում եմ հրաժարվել ՄԻԳ-25, ՄԻԳ-29 կործանիչներից․․․դրանց գլխավոր նախագծողի ազգանվան հետ էլ մի բան էն չի։
– Սաղ Լեռնային Ղարաբաղն ա մեղավոր, ոչ մի ձև չեն կարողանում կիսել։
– Եկեք ընդհանրապես արգելենք, ասենք, Չայկովսկուն՝ հանուն հոմոֆոբների։
– Եթե կազմակերպիչ երկիրը նման պայմաններ է ներկայացնում, ապա պետք չէ այնտեղ մրցաշարեր անցկացնել։
– Դեբիլություն։
– Խոզի մսից է՞լ ենք հրաժարվելու՝ որպես իսկական տոլերաստներ։
– Ազգայնականությունը հիվանդություն է, որը պետք է բուժվի!
– Էլ խի՞ էին համաձայնել։ Պիտի ուրեմն Ադրբեջանի օրհներգը վերցնեին, առաջին տեղը կգրավեին։
– Իսկ երաժշտությունը ազգություն ունի՞։
– Ի՜նչ հրաշալի երգեր էր ադրբեջանցի Մագոմաևը կատարում Բաբաջանյանի գրած երաժշտությամբ։
– Ազգայնականությունը հիվանդություն չէ, այլ հիմար դաստիարակության արդյունք։
– Խաչատրյան Արամ Իլյիչ՝ Ադրբեջանի ժողովրդական արտիստ!
– Կովկասում կոնֆլիկտը հին է, ամեն ինչ իրար է խառնված։ 80-ականներին անգամ ծանրամարտի աշխարհի առաջնությունն են չեղյալ հայտարարել Երևանում։
Նման կերպ են բելառուսական News.tut.by կայքի օգտատերերը մեկնաբանել նորությունն այն մասին, որ Բելառուսի գեղարվեստական մարմնամարզության հավաքականը ադրբեջանական կողմի խնդրանքով հրաժարվել է ելույթ ունենալ հայկական ծագում ունեցող խորհրդային երգահան Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո։
Բելառուսական թիմի գլխավոր մարզիչ Իրինա Լեպարսկայայի խոսքով՝ նրանք այդ քայլին գնացել են Բաքվում կայանալիք գեղարվեստական մարզմնամարզության Եվրոպայի առաջիկա առաջնության կազմակերպիչների խնդրանքով։
Արդարացնելով իր մարզիկների մրցաշարային անհաջողությունները՝ մարզիչը հայտարարել է, որ թիմը կես տարի հանդես է եկել Խաչատրյանի «Սուսերով պարի» ներքո, իսկ այժմ ստիպված են արագացված կարգով այլ երաժշտության ներքո ելույթ նախապատրաստել։ Ըստ Լեպարսկայայի՝ սրանով են պայմանավորված Մինսկում աշխարհի առաջնությունում զբաղեցրած ցածր տեղերը։ Բելառուսական թիմը մայիսի 31-ին բազմամարտում գրավել է վեցերորդ տեղը, իսկ հաջորդ օրը գնդակով և ժապավեններով վարժություններում՝ յոթերորդը։
«Քննադատելու առիթ, իհարկե, կա, բայց ավելի շատ են ցավալու առիթները»,- ասել է մարզիչը։
Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի 30-րդ առաջնությունն անցկացվելու է Բաքվում՝ հունիսի 13-ից 15-ը։