Լոռու մարզի Շամլուղ քաղաքային համայնքի բնակիչներն ահազանգում են, որ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն իրենց համայնքի գերեզմանոցի մոտ ամենօրյա պայթեցումներ է անում, ինչի հետևանքով ճաքում են բաց հանքին մոտ գտնվող գերեզմանաքարերն ու շենքերի պատերը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Հանքը համայնքի գերեզմանոցից 80-100 մետր հեռավորության վրա է գտնվում:
«Այնպիսի ուժգնությամբ են պայթեցնում, մեզ թվում է՝ բարձր բալանոց երկրաշարժ է, ու հիմա տունը փուլ կգա։ Ամեն օր պայթեցնում են։ Նախկինում մինչ պայթեցնելը զգուշացնում էին, հիմա ով է մտածում դրա մասին», – թերթի հետ զրույցում պատմել են բնակիչները։
Բացի դրանից, ընկերությունը մտադիր է գերեզմանոցի հաշվին ընդլայնել հանքի տարածքը։ Թերթն ընդգծում է, որ ընդերքի մասին ՀՀ օրենքով՝ գերեզմանների մոտ ընդերքօգտագործումն արգելվում է։
«Ապառաժ մայնինգ»-ը գործարկում է պայթուցիկ նյութերի արտադրության գործարան, որը գործում է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և Կոտայքի մարզի Հանքավանում։ Ընկերության արտադրված էմուլսիոն պայթուցիկների սպառողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում