Կառավարությունն իր նախորդ նիստում որոշում է ընդունել Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին: Առաջին հայացքից անմեղ այս որոշումն իր մեջ լուրջ ենթատեքստ է պարունակում, գրում է «Ժողովուրդը»:
Թերթի փոխանցմամբ՝ այս ծրագրի հաջորդ քայլը լինելու է այն, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերաբացելու է արտեզյան ջրերի հորատանցքերը, որոնք փակվել էին նախորդ կառավարության ջանքերով էկոլոգիական աղետից խուսափելու համար:
«Ամեն ինչ պարզ է դառնում որոշման պարբերություններից մեկից. «Առաջին փուլում ապահովել ենթաավազանային պիլոտային ծրագիր՝ առաջնահերթությունը տալով ձկնաբուծական տնտեսություններին»», – գրում է թերթը։
Նշենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն, Արարատի մարզում խոշոր ձկնաբուծարանները պատկանում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։
Այդ մասին Ազգային ժողովում ամիսներ առաջ բարձրաձայնել էր նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ բնօգտագործման վճարի կարգի մասին օրենքի և խախտումների դեպքում տուգանքների քննարկման ժամանակ։
«Այս դահլիճում կան մարդիկ, ովքեր ունեն լճեր և ձկնարտադրությամբ են զբաղվում, օրինակ, Հովիկ Աբրահամյանը: Նրան և նման խոշոր արտադրողներին 300 հազար դրամ տուգանքը չի վնասի, այն ընդամենը մրցակցությունից դուրս կթողնի մանրներին», – ասել էր Փաստանջյանը:
Նշենք, որ, համաձայն հետազոտությունների, Արարատյան դաշտավայրում էապես նվազել է աղբյուրների ջրատվությունը, ինչը, փորձագետների պնդմամբ, խոշոր ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրի անխնա օգտագործման հետևանք է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում