հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ՎՏԲ բանկն առանց տեղեկացնելու հաշվից գումար է փոխանցել․ Վարդգես Գասպարի

ՎՏԲ բանկն առանց տեղեկացնելու հաշվից գումար է փոխանցել․ Վարդգես Գասպարի

Մայիսի 26-ին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի ՎՏԲ-Հայաստան բանկի հաշվից գումար է փոխանցվել, սակայն Գասպարին այդ մասին տեղյակ չի եղել։ Մի քանի օր անց տեսնելով գումարի պակասուրդը՝ նա էլ․փոստով դիմել է բանկի տնօրինությանը՝ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով, սակայն պատասխան չի ստացել։

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշել է ակտիվիստը, դրանից հետո ինքը փոստի միջոցով պատվիրված նամակ է ուղարկել բանկին, որի մեջ, մասնավորապես, նշված է եղել․

«Ս/թ մայիսի 26-ին իմ հաշվից գանձվել է․

26/05/2014 Միջբանկային փոխանցում AMD 5000.00 AMD 5000.00 CR 73075.30 0.00 0.00 0.00 AMD 2690.00 DB

21/05/2014 Միջբանկային փոխանցում AMD 2000.00 AMD 2000.00 CR 2268.10 0.00 0.00 0.00 AMD 2000.00 DB

Խնդրում եմ ինձ տրամադրել այն փաստաթղթի պատճենը, որը հիմք է հանդիսացել և թույլատրել է ՎՏԲ բանկին իմ հաշվից փոխանցում անել այլ հաշվի»։

Գասպարին բանկից հետևյալ պատասխանն է ստացել․

«Հարգելի պարոն Գասպարի,

Ի պատասխան Ձեր հարցմանը տեղեկացնում ենք, որ բարձրացված հարցի կապակցությամբ համապատասխան տեղեկատվությունը Դուք կարող եք ստանալ` անձնագրի առկայությամբ այցելելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Ձեզ սպասարկող մասնաճյուղ:

Լրացուցիչ հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն +(3748000) 87-87 հեռախոսահամարով»։

Մեզ հետ զրույցում Վարդգես Գասպարին նշեց, որ ինքը չգիտի, թե ում է փոխանցվել այդ գումարը։ Փոխանցված միջոցները նա ստացել էր տարբեր քաղաքացիներից Քաղաքացիական համերաշխության ակցիայի շրջանակում։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը Գասպարիի դեմ մի շարք հայցեր է ներկայացրել, որոնցից մեկով նրանից հարկադրաբար գանձել են 35000 դրամ։ Այս պահին դատարանում քննվող ևս մեկ հայցը ոստիկանության աշխատակիցը գնահատել է 1 միլիոն։ Ակտիվիստի հաշիվների վրա ԴԱՀԿ-ի պահանջով կալանք էր դրվել։ Գասպարին կարծիք էր հայտնել, թե նման գործողություններով ցանկանում են խանգարել իրեն ակցիաների մասնակցել, ու պատրաստակամություն էր հայտնել քաղաքացիներից աջակցության ստանալ, բայց ոչ ավել քան 1000 դրամ յուրաքանչյուրից, որից հետո մի խումբ քաղաքացիներ ակտիվիստին աջակցելու Քաղաքացիական համերաշխության կոչ էին հրապարակել։

Epress.am-ը կապվեց բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որտեղից խոստացան մեր գրավոր հարցմանը պատասխանել օրվա ընթացքում։