ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Էջմիածնի բնակիչներ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի բողոքը, որով ամուսինները պահանջում էին չեղյալ համարել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վերջինս, իր հերթին, մերժել էր Խուդոյանների պահանջը քրեական գործ հարուցել ոստիկանության դեմ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը․ իրենց Բաղրամյան փողոցից ապօրինի հեռացնելու և տնային կալանքի տակ պահելու համար։
Վերաքննիչ դատարանը, փաստորեն, համակարծիք էր առաջին ատյանի դատարանի որոշման հետ, չնայած նախորդ դատական նիստին հայցվորների փաստաբան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը նշել էր, որ ՀՔԾ-ն ակնհայտորեն կողմնակալ է եղել։ Նրա խոսքով՝ ոստիկանության դեմ քրեական գործ հարուցելը մերժելու որոշումից առաջ՝ ՀՔԾ քննիչ Հ․Հարությունյանը հաշվի է առել միայն ոստիկանների ցուցմունքները, և ուշադրություն չի դարձել հայցվորների՝ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի, նախագահական նստավայրի մոտ նստացույց անցկացնող, դեպքի պահին Խուդոյանների կողքին գտնվող Էմմա Սահակյանի խոսքերի վրա։
Անտեսվել են նաև մամուլի հրապարակումները, այդ թվում՝ այն հոդվածները, որտեղ Խուդոյանին բռնություն ենթարկելու մասին ասում է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը։
Էմմա Սահակյանը և Հեղինե Մակարյանը, մասնավորապես, ասել են, որ 15 քաղաքացիական հագուստով ոստիկաններ նախագահականի դիմացի մայթից բռնություն կիրառելով հեռացրել են Աշոտ Խուդոյանին, ապա վերադարձել Հեղինեի և երեխաների հետևից։ Նստացույցի վայրում ոստիկանները թողել են Խուդոյանների մանկահասակ որդուն, որի հետևից հետագայում մարդ են ուղարկել։
Ըստ վերաքննիչ բողոքի՝ ՀՔԾ քննիչ Հարությունյանը նաև հաշվի չի առել որևէ ցուցմունք կապված Խուդոյանի ստացած վնասվածքների հետ, և բավարարվել է միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքներով, որը, սակայն, անցկացվել է դեպքից մոտ երկու ամիս հետո, երբ, օրինակ, Խուդոյանն ապաքինվել էր գլխի վնասվածքից։