«Երևանի գարեջուր» ընկերությունը (հիմնական ապրանքանիշը «Կիլիկիա») դիմել է դատարան՝ ընդդեմ ֆինանսների նախարարության։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը։
Թերթը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում տեղի ունեցած 12 հարկային ստուգումների արդյունքում բացահայտվել են բյուջեի հանդեպ 731 միլիոն դրամի պարտավորություններ, որտեղ առյուծի բաժինն ընկնում է «Երևանի գարեջուր ԲԲԸ֊ին»։ Գործարանը ֆինանսների նախարարության հարկային ծառայության կողմից տուգանվել է 653․6 միլիոն դրամով՝ մոտ 1․5 միլիոն դոլար։
«Ուշագրավ է, որ սույն գործարանի հանդեպ վերջին շրջանում մեծ հետաքրքրություն է նկատվում, իսկ մամուլում գրվել է, որ «Կիլիկիան» պարզապես ցանկանում են խլել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանից», ֊ գրում է թերթը։
Երեկ, երբ «ՀԺ»-ն պատգամավորին խնդրել է մեկնաբանել խոսակցությունները, նա պատասխանել է․ «Գործը գտնվում է դատարանում, չեմ ցանկանում մեկնաբանել, դատական պրոցեսը կավարտվի, այդ ժամանակ կխոսենք։ Մենք դիմել ենք վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվի 653․6 միլիոն դրամի մոտավորապես 640 միլիոնը, մնացած 13 միլիոնը մենք ընդունում ենք»։