Սեպտեմբերի 15-26-ը Ուկրաինայի Յարովիր քաղաքում ՆԱՏՕ-ի կազմակերպած «Արագ եռաժանի» (Rapid Trident) զինավարժությանը Հարավային Կովկասից չի մասնակցում միայն Հայաստանը: Այս փաստը շրջանառվում է ռուսական մամուլում և ներկայացնում վարկած, որ պատճառը Հայաստանի քաղաքական կողմնորոշումն է: Մասնավորապես, Szona.org կայքը գրում է, որ դեռևս մարտին Հայաստանը հաշվառված էր զորավարժությանը մասնակցող երկների ցանկում, սակայն հետագայում փոխել է որոշումը:
Զորավարժություններն անցկացվում են 1995 թվականից, և Հայաստանը դրանց միշտ մասնակցել է: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հստակ պատասխան չի տվել չմասնակցելու վերաբերյալ Epress.am֊ի հարցին։ Խոսնակը նշել է, որ դա տեղի է ունեցել «ինչ-ինչ տեխնիկական պատճառներով»:
«ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները շարունակում են բարձր մակարդակի մնալ: Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի այլ նախաձեռնություններին, այս մեկին չմասնակցելը ինչ-ինչ տեխնիկական պատճառներ ունի»,- ասել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այս տարի զինավարժությանը մասնակցում է 1300 զինծառայող՝ 15 երկրից, այդ թվում նաև Վրաստանից և Ադրբեջանից: Երեկ զորավարժություններից հետո ամերիկյան զորքերի վոկալ-գործիքային խմբի անդամները համերգ են կազմակերպել Ուկրաինայի ազգային հերոս, գրող Տարաս Շևչենկոյի արձանի մոտ: