հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ալիևյան նավթադոլարները «ներխուժեցին» Ազգային Ժողով

Ալիևյան նավթադոլարները «ներխուժեցին» Ազգային Ժողով

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը (լուսանկարում) պատահական չի համարում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին ելույթները Աժ֊ում հնչում են նրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներից առաջ։ Բաղդասարյանն իր խոսքում անդրադարձել է երեկ հնչած ընդդիմադիր պատգամավորների ելույթներին՝ նշելով, թե ինքը տեղյակ է, որ որոշ մարդիկ «օվկիանոսի այն կողմից գումարներ են ստանում պատվեր կատարելու համար ու դրանով ընտանիք են պահում», սակայն ԱԺ֊ում վերջերս միտում կա այնպիսի ելույթներ հնչեցնել, որոնք պետական դավաճանության շարքից են։

Բաղդասարյանը հայտարարել է, որ որոշ ելույթներից «ալիևյան նավթադոլարների հոտ է գալիս»։

«Այս պարլամենտի ամբիոնն օգտագործվում էր Ադրբեջանին և Թուրքիային ապատեղեկատվություն տալու, նյութեր էին հրապարակվում, որոնք տրամադրվում էին մեր թշնամի պետությանը։ Կեղծ նյութեր», ֊ ասել է Բաղդասարյանը։

Նա նաև կոչ է արել պատգամավորներին չհիշատակել անցյալում տարբեր իրադարձությունների հետևանքով զոհվածներին, չմտնել նրանց ընտանիքներ՝ տուժած մարդկանց վերքերը չբորբոքելու համար։

Նշենք, որ երեկ մի քանի պատգամավորներ իրենց ելույթում անդրադարձ են կատարել Մարտի 1-ի իրադարձություններին, իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձել է ընթերցել, իր խոսքով, Սերժ Սարգսյանի ցմահ ազատազրկման դատավճիռը, սակայն նրա ելույթի սկզբում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովն անջատել է խոսափողը։

Այսօր ԱԺ ամբիոնից Բաղդասարյանի հնչեցրած խոսքերին արձագանքել են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը, ովքեր սկսել են տեղից հակադարձել ՀՀԿ֊ականին, սակայն նրանց խոսափողներն անջատված են եղել ու լրագրողները շատ քիչ բան են լսել, թեև հասկացվել է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ձեր ելույթից է էդ հոտը գալիս»

Նիստի ընդմիջմանը Զարուհի Փոստանջյանն Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ ինքը հարցրել է ԱԺ նախագահին, թե ինչու նա չի անջատում Վահրամ Բաղդասարյանի խոսափողը, չնայած վերջինս վիրավորում է պատգամավորներին։ Փոստանջյանը հիշեցրել է, որ երեկ Սերժ Սարգսյանի մասին իր խոսքի ժամանակ խոսափողն անջատել են՝ պատճառաբանելով, թե ինքը վիրավորանքներ է հնչեցնում, իսկ այսօր այլ կերպ են գործել։ Պատգամավորն ընդգծել է, որ խոսքի վիրավորական լինելու փաստը պետք է ապացուցվի դատարանում և կողմ է, որպեսզի խոսափողներն ընդհանրապես չանջատեն՝ նշելով, որ այս դեպքում երկակի ստանդարտներ են գործել։

Ի պատասխան դահլիճում հնչեցրած դժգոհությանը, Գալուստ Սահակյանը կոչ է արել «հանգիստ լսել» Բաղդասարյանին, իսկ վերջինս ասել է, թե ինքը անուններ չի տալիս, բայց կան մարդիկ, ովքեր «իրենց վրա են վերցնում» ասածը, ուրեմն իր խոսքերում իրականություն կա։

Լուսանկարը՝ a1plus.am