Վեդիի բնակիչ Անի Հարությունյանը 2 մանկահասակ երեխաների հետ (2 տարեկան և 2 ամսական) այսօր նախագահական նստավայրի առջև նստացույց է սկսել՝ պահանջելով իր ամուսնու նկատմամբ կալանքը կիրառել բաց ռեժիմով, այն է՝ թույլ տալ ցերեկները դուրս գալ բանտից աշխատելու համար:
«Ես չեմ խնդրում՝ ինձ մնալու տեղ տան, կամ փող՝ երեխաներին պահելու համար: Թող բաց կալանք կիրառեն, ամուսինս դուրս գա, աշխատի, մեր փոքրիկներին պահի», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Հարությունյանը:
Անի Հարությունյանի ամուսինը՝ Միհրան Ջանիգուլյանը, 2012 թվականին դատապարտվել էր 6,5 տարվա ազատազրկման՝ խուլիգանություն կատարելու մեջ մեղավոր ճանաչվելով․ Ջանիգուլյանը վիճաբանել է աներոջ հետ և հարվածել նրան: Աները՝ Նորայր Հարությունյանը, ևս նախագահականի մոտ էր, և որոշել է դստեր հետ նստացույց անել: Նա նշել է, որ որպես տուժող ոչ մի պահանջ չունի փեսայից, ցանկանում է, որ նա դուրս գա, ընտանիքին պահի:
«Ամուսնուս վրա կա նաև տուգանք՝ 200.000 դրամ: Պետությունը ասում է՝ պետք է այդ պարտքը մարես, նոր քո վրա կարող է համաներում կիրառվել: Թող հանեն բաց կալանք, ինքը կաշխատի, էդ գումարն էլ կտա»,- ասել է երիտասարդ կինը:
Նրա խոսքով՝ իրենք մեկ ամիս առաջ նախագահական նստավայրի մոտ նստացույց էին սկսել, սակայն Երևանի ոստիկանները զանգել են Վեդիի ոստիկանություն, վերջինիս ներկայացուցիչները ժամանել են ու իրենց համոզել են դադարեցնել նստացույցը:
«Ասեցին՝ եկեք, հարցը կլուծենք: Մի ամիս ա՝ նորություն չկա: Ես գնացի ոստիկանություն, ասեցին՝ «արդեն զզվցրիք»: Մենք իրենց չէինք խնդրել օգնել, որ զզվցրինք»,- ասել է Հարությունյանը:
Այս անգամ կինը պատրաստվում է այնքան ժամանակ շարունակել նստացույցը, մինչև հարցին լուծում տրվի:
Անի Հարությունյանը երեխաների հետ ապրում է Վեդիի քաղաքապետարանի կողմից հատկացված տանը, որը, նրա խոսքով, գտնվում է անմխիթար վիճակում: Նորայր Հարությունյանն ազատամարտիկ է, իր դստեր հարցով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին՝ որպես մարտական ընկերների, սակայն նրա խնդրանքին ընթացք չի տրվել։
Նորայր Հարությունյանը պատմել է, որ ձերբակալվել է 2008 թվականի Մարտի 1-ից հետո, նրան մեղադրանք են առաջադրել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Նա ազատ է արձակվել՝ առողջական վիճակը հաշվի առնելով․ Հարությունյանը ղարաբաղյան պատերազմի ընթացքում կոնտուզիա է ստացել։