Կանանց միամսյակին նվիրված Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան լիարժեք չի գործում: Այս մասին Epress.am-ին հայտնել է բժշկական կենտրոն դիմած մի կին (կնոջ խնդրանքով՝ նրա անունը չենք հրապարակում)։ Իր դիմումին ի պատասխան՝ կինը ստացել է մերժում՝ «այլևս տեղ չունենք» պատճառաբանությամբ:
Համաձայն Երևանի քաղաքապետարանի հայտարարության՝ «Ձեզ համար, կանայք» բարեգործական ակցիայի շրջանակում կանանց պետք է մատուցվեն գինեկոլոգիական, ակնաբուժական ծառայություններ, վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կատարվեն վիրահատական միջամտություններ:
Մեր զրուցակիցը պատմել է, որ, տեղեկանալով ակցիայի մասին, մարտի 9-ին անմիջապես գնացել է պոլիկլինիկա, ստացել ուղեգիր և այն տարել «Շենգավիթ» բժշկական կենտրոն, քանի որ իրեն անհրաժեշտ է գինեկոլոգիական հետազոտություն ու բուժում: Մարտի 18-ին նրան զանգահարել են բժշկական կենտրոնից և ասել, որ թղթերը վերցնի և այլ տեղ տանի, քանի որ իրենց մոտ «տեղերը սպառվել են»: Կնոջ խոսքով՝ եթե այդքան շտապելու դեպքում ինքն «ուշացել է», այլ բժշկական կենտրոն գնալն արդեն անիմաստ է:
Կինը պատմել է, որ ժամանակին դիմել էր նաև «Արագիլ» վերարտադրողական բժշկության բարեգործական հիմնադրամին, որի նախագահն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: 2014 թվականի դեկտեմբերին հիմնադրամից նրա գործերն ուղարկել են «Շենգավիթ» ԲԿ՝ վիրահատության: Այնտեղ կնոջը խոստացել են մեկ ամսից զանգահարել, բայց մինչ օրս նա որևէ զանգ չի ստացել:
«Ինձ փոքրիկ վիրահատական միջամտություն պետք է անեին: Հավանաբար, այդ պատճառով է, որ ոչ «Արագիլի», ոչ էլ «Ձեզ համար, կանայք» ծրագրով չեն ուզում զբաղվել»,- ենթադրում է կինը։
Epress.am-ը փորձել է պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանն ասել է, որ ակցիայի շրջանակներում դիմած բոլոր կանայք պետք է ստանան անվճար բժշկական օգնություն:
«Ակցիան չի ավարտվում՝ մինչև դիմած կանանցից վերջինը չստանա բուժօգնությունը»,- ասել է Գևորգյանը: Նա վստահեցրել է, որ անգամ ապրիլի 7-ին ակցիան չի ավարտվում. մարտի 9-ից ապրիլի 7-ը միայն գրանցման ժամանակաշրջանն է: