H1N1 (խոզի գրիպ) վարակից Հայաստանում 2016 արձանագրվել է մահվան 11 դեպք։ 2015 թվականի վերջին խոզի գրիպից մահացել էր ևս 3 հիվանդ։ Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, այս տարվա մահվան 11 դեպքերից 3֊ը գրանցվել են երեկ՝ հունվարի 15-ին։ Պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ մահացածներից 2-ը հիվանդանոց էին տեղափոխվել հունվարի 13-ին ծայրահեղ ծանր վիճակում․ երկուսն էլ ունեցել են քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն։
Երրորդ հիվանդը հիվանդանոց էր ընդունվել հունվարի 9-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Առողջապահության նախարարությունը նշում է, որ նա հունվարի 1-ից հիվանդ է եղել, սակայն չի դիմել բուժօգնության։
Հունվարի 15-ի պաշտոնական տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար բուժման համար դիմել են 992 անձինք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:
Նշենք, որ այս շաբաթվա սկզբին Առողջապահության նախաարությունը հայտնել էր Հայաստանում խոզի գրիպից մահվան 6-րդ դեպքի մասին՝ պնդելով, որ Հայաստանում համաճարակ չկա։ Դրանից հետո շաբաթվա ընթացքում մահվան ևս 8 դեպք է գրանցվել։ Շաբաթվա ընթացքում Կրթության և գիտության նախարարությունը երկրորդ անգամ երկարարցրել է ձմեռային արձակուրդները հանրակրթական հաստատություններում։