Հայաստանի պետական պարտքը հաղթահարել է 5 միլիարդ դոլարի շեմը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են Ֆինանսների նախարարությունից։
Ըստ այդմ, ընթացիկ 2016 թվական Հայաստանը թևակոխել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար պետական պարտքով։ Անցած 2015 թվականի սկզբին Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 մլն 500 հազար դոլար։ Այսինքն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 629 միլիոն 500 հազար դոլարով։ Ի դեպ, նշված պետական պարտքից 3 միլիարդ 833 մլն 200 հազար դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է։
Թերթը հատկանշական է համարում այն փաստը, որ ՀՀ արտաքին պետական պարտքից 487 մլն 900 հազար դոլարը գոյացել է անցած տարվա ընթացքում։ Հայաստանի պետական արտաքին պարտքը սրընթաց սկսել է աճել 2008-ի միջազգային տնտեսական ճգնաժամից հետո։ 2008-ի գարնանը, այսինքն՝ մինչև տնտեսական ճգնաժամի մեկնարկը, Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր 1 միլիարդ 550 մլն դոլար, իսկ արդեն 2009-ի վերջին Հայաստանի պետական արտաքին պարտքը հասել էր 3 մլրդ դոլարի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում