Գլխավոր / Հայաստան / Ամերիկահայեր․ Թրամփի ընտրվելուց հետո խոցելի խմբերը վտանգված են

Ամերիկահայեր․ Թրամփի ընտրվելուց հետո խոցելի խմբերը վտանգված են

Նոյեմբերի վերջին ամերիկյան հինգ նահանգներում տասը մզկիթներ հաճախողների դեմ հնչած ցեղասպանության սպառնալիքներից հետո, Միացյալ Նահանգներում բնակվող մի խումբ հայեր հայտարարություն են հեղինակել՝ ի զորակցություն մահմեդականների ու ատելության հիմքով հանցագործությունների աճին բախվող այլ խմբերի։ Հայտարարության հեղինակներն այդ աճը կապում են Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու հետ։ Հայտարարությունը սատարել են ԱՄՆ֊ում գործող հինգ հայկական կազմակերպություններ և բազմաթիվ անհատներ։

Հայտարարության հեղինակները նշում են, որ «Աղքատության հարավային իրավական կենտրոնի» (Southern Poverty Law Center, ԱՀԻԿ) տեղեկություններով, ԱՄՆ֊ում գործում է շուրջ 892 ատելություն քարոզող խումբ։ Այս թիվը նախորդ տարվա համեմատ, ու վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ, աճել է 14%-ով՝ զուգադիպելով Թրամփի թեկնածության առաջադրման հետ։

«Որպես համայնք, որը կազմված է ցեղասպանություն վերապրածների բազմաթիվ երեխաներից, թոռներից ու ծոռներից՝ մենք չենք պատրաստվում հանդուրժել որևէ խմբի ատելությամբ կամ բռնությամբ թիրախավորում»,֊ ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության համահեղինակներից գրող Նենսի Ագաբյանն ասել է․ «Մեր ձայնը նշանակություն ունի Ամերիկայի մահմեդականների համար։ Որպես խղճի ժողովուրդ՝ մենք պետք է ակտիվորեն դատապարտենք ԱՄՆ֊ի մարգինալացված համայնքներն անմարդկայնացնելու ցանկացած փորձ։ Մենք նույնպես Թրամփի` ատելությունը խրախուսող հռետորաբանության ուղիղ թիրախներն ենք՝ որպես ներգաղթյալներ, արևմտաասիացիներ, միջին-արևելքցիներ, ԼԳԲՏՔ անձինք․ հետևաբար, մենք պետք է զգոն լինենք, որպեսզի պաշտպանենք մեր համայնքը»։

Հայտարարության հեղինակները մտահոգություն են հայտնում, թե Թրամփի վարչակազմի քաղաքականությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ խոցելի համայնքների վրա․ «Մենք խորապես մտահոգված ենք աշխատավոր դասի հայերի համար, որոնք օգտվում են տարբեր սոցիալական ծառայություններից, օրինակ [ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին բնակարան ձեռք բերելու հարցում աջակցող] «Սեքշըն 8» ծրագրից, «Մեդիքեյը» [բժշկական ապահովագրության] համակարգից ու սոցիալական ապահովության ծառայությունից։ Այս ծրագրերը ներկայումս վտանգված են, ու Լոս Անջելեսի մի շարք սոցիալական աշխատողներ մտավախություն ունեն, որ այս ծառայություններից զրկվելը կարող է համայնքը ճգնաժամի մեջ գցել։ Հուսով ենք, որ այս հայտարարությունը կարթնացնի բոլոր նրանց, ովքեր չափազանց երկար ժամանակ լուռ են եղել»,֊ ասել է Կալիֆորնիայում բնակվող քաղաքացիական իրավունքների խնդիրներով զբաղվող փաստաբան Հասմիկ Գեղամյանը։

Հայտարարության աջակից կազմակերպությունների և անհատների ամբողջական ցուցակն՝ այստեղ