2026 г. 2 июня, вторник
Тег

#ՀՀ ՊՆ

Պահեստազորայինների վարժահավաքների նախագիծը հաստատվեց կառավարության նիստին

Պահեստազորայինների վարժահավաքների նախագիծը հաստատվեց կառավարության նիստին

2021 թվականի օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը պահեստազորայինների մասնակցությամբ վարժական հավաքներ անցկացնելու՝  ՊՆ-ի ներկայացրած նախագիծն այսօր հաստատվել է կառավարության նիստին։ Որոշման համաձայն՝  հավաքներին ներգրավվելու է մինչև 2169 հոգի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով: Բացի այդ, պաշտպանության նախարարությունը նախատեսում է վարժական հավաքների ապահովման համար օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց։ Վարժական հավաքները,  ըստ նախագծի, հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն` ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Գերատեսչությունը շեշտել է նաև, որ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և հետագա տարիներին մարտական հերթապահության կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ: Նախաձեռնությունը կարժենա մոտ 3 միլիարդ դրամ։ Ծախսերը կկատարվեն ՊՆ-ին հատկացված, ինչպես նաև կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատսչությունն այս տարվա սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնելու նախաձեռնությամբ էր հանդես եկել։ Ըստ այդ նախագծի՝ վարժական հավաքներին ներգրավվելու է 869 պահեստազորային։  Օգոստոսի 5-ին էլ ՊՆ-ն առաջարկել էր զինված ուժերի գլխավոր շտաբում ստեղծել կառուցվածքային նոր ստորաբաժանում՝ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն։  Այս նախագծերը դեռևս կառավարության նիստերի օրակարգ չեն ընդգրկվել։