2026 г. 2 июня, вторник
Тег

#Ղարաբաղի ընդդիմություն

Արցախում ուտելիքը ծանոթով է․ Ոստիկանները ծեծել են բողոքողին

Արցախում ուտելիքը ծանոթով է․ Ոստիկանները ծեծել են բողոքողին

Ստեփանակերտցի Դավիթ Մինասյանը պնդում է՝ ոստիկաններն իրեն առևանգել են, տարել բաժին և ծեծել այն բանի համար, որ Վերածննդի հրապարակում հայտարարել է՝ սոված է: Օգոստոսի 19-ի երեկոյան նա մարդկանց հավաքի էր կանչել, ֆեյսբուքյան իր էջում մինչ այդ պատմել էր՝ տանը ուտելու բան արդեն չունի․ «Փողը ստանում ենք, մեր ջեբումն ա, բայց տուն գնալուց մագազինում ուզում ենք մի բան առնենք, տանենք մեր խոխեքին տանք, որ ուտեն, բայց որ էտ մի բանը չկա, մագազիններում ոչ մի բան չկա, մեկը կարա՞ դուրս գա ասի՝ էս փողը մեր ինչի՞ն է պետք, որ աշխատում ենք։ Ես սովորական քաղաքացի եմ, առավոտը գործի գնալիս քաղցր չայ էլ չեմ կարեցել խմել»։ «Ես ոչ մեկի մարդը չեմ, ոչ մեկի հետ կապ չունեմ, սովորական հայրենակից եմ, - ասում էր ստեփանակերտցի ակտվիստը․ - Սոված եմ ․․․ ինձ նման մարդիկ շատ կան ․․․ իմ կողքին կանգնելու են՝ խոսեն, ես էլ եմ խոսելու ․․․ Գուրգեն Ներսիսյանն է, Արայիկ Հարությունյանն է` նրանց պետք է դուրս հանենք, հարցնենք՝ ի՞նչ է լինելու սրա վերջը, էսքան մեզ խաբել եք, էսքան հանրահավաք եք արել, ի՞նչ է դարձել․․․ ես արդեն գիտեմ՝ ով ում մարդն է, ես չեմ թողնելու, որ էտ մարդիկ մոտենան մեր հանրահավաքին, խոսեն, ես թողելու եմ, որ ծնողները խոսեն, խոխեքը խոսեն, բաբոն խոսի, դեդոն խոսի, որովհետև էտ մարդիկ ենք տուժված էսօրվա օրով»։ Հրապարակում շաբաթ օրը մի քանի տասնյակ մարդ էր հավաքել։ Ղարաբաղի իշխանություններից նրանք պահանջում էին խանութներին սնունդ մատակարարել, պնդում էին, որ փաստեր ունեն՝ պահեստավորված մթերք կա, ուղղաթիռներով մատակարարումները չեն ընդհատվել, բայց շարքային արցախցիներին ոչինչ չի հասնում. «Իրա մարդիկ կարողանում են օգտվեն էդ պահեստներից, բայց սովորական մարդիկ՝ չէ»: Ոստիկանները Մինասյանին փորձել են բերման ենթարկել հենց հավաքի վայրից, բայց մարդիկ թույլ չեն տվել։ «Ինձ դեռ չեն բռնել, բայց չգիտեմ՝ հետո կբռնեն, թե չէ», - երեկոյան՝ Ստեփանակերտի հրապարակում տեղադրված վրանից, ուղիղ եթերով ասել է ակտիվիստը։ Ավելի ուշ՝ գիշերը երկուսի կողմը, Մինասյանը տուն գնալիս հարձակման է ենթարկվել։ «Ուազ»-ից դուրս են եկել, բռնել, նստացրել մեքենան։ Ոստիկաններից երկուսը խփել և հայհոյել են նրան, գլխին դիմակ են քաշել։ Դավիթը վստահ է՝ իրեն տարել են ոստիկանության Ասկերանի բաժանմունք, ասում է՝ ծեծել են ճանապարհին էլ, բաժանմունքում էլ։ Հաջորդ օրը բաց են թողել։ « երկուսին հաստատ գիտեմ, ապացուցում եմ, որ իրանք են ինձ խփել․ Ասկերանի ոստիկանապետն ա ինձ խփել, քաղաքացիական շորերով ա եղել, մեկ էլ Ստեփանակերտի ոստիկանապետը», - «Ազատության» հետ զրույցում ասել է ստեփանակերտցի ակտիվիստը: Ոստիկանական բաժանմունքում քննարկվել են նաև նրա ծաղերգական տեսանյութերը՝ «բա կարելի՞ է կատակել մեր նախագահի մասին»։ Մինասյանը վերջին ամիսներին վիդեոներ է հրապարակում, որոնցում նմանակում է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ակնոցներ է դնում, փողկապի փոխարեն գուլպա կապում, վերաշարադրում նրա «բլոկադային» ելույթները։ Ունկնդիրներին նա սովորեցնում է, օրինակ, ձմերուկ խորովել կամ ինքնապարգևատրվել կառավարական տալոններով։ Մինասյանը պնդում է՝ Արայիկ Հարությունյանի շրջապատը նույնիսկ այս պայմաններում սոված չի մնում։ Պաշարված Ղարաբաղում սննդի անհավասար բաշխման մասին շատերն են խոսում։ Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում (օգոստոսի 21-ի) հերթերում կանգնած կանայք ահազանգում են․ «Ով որ ծանոթ ունի՝ նրանց է ուտելիք հասնում», «5 ժամ հերթում կանգնում ես, որ մի հատ հաց տանես տուն։ Տանը 7 շունչ կա, մի հացը տանեմ ո՞ւմ տամ», «Հացը տանում՝ ռեստորաններին են բաժանում, ժողովուրդն էստեղ սոված մահանում է»։ Դավիթ Մինասյանն էլ «Ազատության» եթերում է ցուցադրում է իր տան պաշարները։ Ամսից ավել է՝ իր ընտանիքը միայն կարտոֆիլ էր ուտում, երեկվանից դա էլ չունեն: Սառնարանում միայն կաթ է, որ իր աշխատավայրից են տրամադրել, խոհանոցում՝ կես շիշ դոշաբ։ Ասկերանի ոստիկանությունից հերքել են՝ Դավիթ Մինասյանին ոչ իրենց բաժանմուքն են տարել, ոչ էլ ծեծել են։ Ասկերանի ոստիկանապետ Արթուր Բաղունցը հայտարարել է, թե ոչ ճանաչում է նրան, ոչ էլ «անգամ մատով է կպել»։ Ստեփանակերտի բաժնից միջադեպը չեն մեկնաբանել։ Լեղնային Ղարաբաղի Դատախազությունից և Քննչական կոմիտեից տեղեկացրել են՝ Դավիթ Մինասյանի դեպքով որևէ իրավական գործընթաց չկա։ Ազատ արձակվելուց հետո Մինասյանը բողոք է ներկայացրել ԼՂ օմբուդսմենի գրասենյակին։

Ղարաբաղի հայերին խեղդում են․ Շուշիում տոն է

Ղարաբաղի հայերին խեղդում են․ Շուշիում տոն է

Արդեն 12 օր է՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ոչ մի շարժ չի իրականացնում Լաչինի միջանցքով։ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո Կոմիտեն ընդամենը երկու անգամ է հատել միջանցքը․ ապրիլի 28-ին Հայաստան են տեղափոխել 13 բուժառուների, ապրիլի 29-ին՝ ևս 16-ի։ Հետագայում հիվանդների տեղափոխությունը դադարեցվել են։ Դեղորայք էլ չեն մատակարարում։ «Դա մեր որոշումն է։ Մենք բոլոր պատկան մարմիններին տեղյակ ենք պահել դրա մասին։ Հիմա գտնվում ենք բանակցությունների փուլում ․․․ քանի որ պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար, որպեսզի մենք՝ որպես չեզոք կազմակերպություն, կարողանանք շարունակել մեր մարդասիրական դերը․․․ Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել։ Պետք է այս նոր իրավիճակում հասկանալ՝ արդյոք պայմանները նույնն են մնում, արդյոք ընդունելի է բոլորի համար այդ պայմանները », - ասել է Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը։ տե՛ս «Ադրբեջանի ցուցակներում սաղս էլ սև ենք»․ Ղարաբաղում կանչում են փողոց Ինչո՞ւ են բանակցությունները ձգձգվում՝ պարզ չէ։ Ղարաբաղում ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, նրանց Երևան չեն տեղափոխում, նախօրոք սահմանված ժամկետները արդեն խախտվել են, նոր ժամկետներ չեն էլ նշվում։ «Ադրբեջանի բռնատիրական ռեժիմն ապրիլի 29-ից արգելափակել է նույնիկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Այժմ էլ Ադրբեջանը փորձում է հիվանդների և Կարմիր խաչի աշխատակիցների անձնագրերը ստուգել։ 30 հիվանդ սպասում է տեղափոխությանը», - թվիթերում գրել է Ղարաբաղի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Էթերի Մուսայելյանը հակադարձել է՝ Լաչինի միջանցքով հիվանդների չտեղափոխելը Կարմիր պաչի որոշումն է։ Աշխատանքը կշարունակեն, երբ բոլոր հարցերը պարզաբանված լինեն։ Ինչ հարցերի մասին է խոսքը՝ Մուսայելյանը չի մանրամասնում։ Ասում է՝ բանակցությունների դետալները հրապարակման ենթակա չեն։ Ալիևի հոր արև «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվել է» Ադրբեջանական անցակետը տեղադրվել է Հակարիի կամրջին՝ Լաչինի միջանցքում, որը, համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, պետք է գտնվեր ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Հայտարարության այս դրույթը փաստացի այլևս չի գործում։ տե՛ս Անցակետ Լաչինում․ Ռուսաստանին ուղղված գանգատներ կան, բայց այլընտրանք չկա Ռուսական զորախմբի հրամատարները (սկզբում Անդրեյ Վոլկովը, իսկ Վոլկովի պաշտոնանկությունցի հետո՝ նորանշանակ Ալեքսանդր Լենցովը) շաբաթներ շարունակ բանակցում էին, որպեսզի անցակետը հեռացվի։ Օրեր առաջ հայտարարվեց, որ այդ բանակցությունները արդյունք չեն տվել։ տե՛ս Ղարաբաղի հայերի նոր հույսը Շոյգուի խորհրդական գեներալն է Նոր անցակետն արդեն ներառվել է Ադրբեջանի պետական սահմանի անցակետերի ցանկում։ Հոր՝ Ադրբեջանի նախորդ նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա առթիվ Իլհամ Ալիևն այսօր մեկնել էր Շուշի՝ մասնակցելու «տոնական» միջոցառումներին։ Առավոտյան տեսաուղերձում նա հպանցիկ հիշատակել է նաև Հակարիի հսկիչ կետը․ «Ապրիլի 23-ին մենք հայ-ադրբեջանական սահմանին տեղադրել ենք անցակետ, բարձրացրել այնտեղ Ադրբեջանի դրոշը, ամբողջությամբ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Ալիևը՝ ներկայացնելով սա որպես հոր («Մեծ առաջնորդի») պատգամ և արդեն կայացած իրականություն։ Ադրբեջանական անցակետում հերթափոխում են զինված սահմանապահները, այն արդեն կահավորվել է և համալրվել բեռների պարունակությունը ստուգող շարժական ռենտգենով։ Տեղաշարժ, սակայն, չկա։ Չնայած Բաքուն հայտարարում է, թե ճանապարհը բաց է, ղարաբաղյան և հայաստանյան մեքենաներն այստեղով չեն անցնում։ տե՛ս Ղարաբաղը ապահայաֆիկացվում է  Անցակետը հատելու միայն մեկ դեպք է եղել՝ Շուշիի շրջանի 4 հայկական գյուղերի բնակիչներն էին։ Ապրիլի 23-ից հետո Հին Շենը, Մեծ Շենը, Լիսագորն և Եղծահողը մնացել են ադրբեջանական նոր անցակետի ու Շուշի-Քարինտակ խաչմերուկը փակած ադրբեջանցի ուժայինների արանքում։ «Էկոակտիվիստական» բլոկադայի ամիսներին գյուղացիները կարողանում էին գոնե Գորիս հասնել, այժմ երկու կողմից շրջափակված են։ Ռուս խաղաղապահները սնունդ չեն մատակարարում, Կարմիր խաչի մեքենաներն էլ չեն գալիս։ Տեղացիները ահազանգում են՝ ուտելիքն արդեն սպառվում է, դեղերի պակաս կա, անասունի կերն էլ է պրծնում։ Նրանցից մի քանիսը՝ ռուս խաղաղապահների հետ նախօրոք պայմանավորվելով, մայիսի սկզբին հատել էին նոր անցակետը։ Մարդկանց տեղաշարժը նկարահանվել էր և տարածվել ադրբեջանական լրատվամիջոցներով։ Տեսանյութում երևում էր, ոնց են ադրբեջանցի սահմանապահները ստուգում գյուղացիների փաստաթղթերը և մեքենաների պարունակությունը, ինչ-որ հարցեր տալիս ու թողնում անցնել։ Տեսանյութի հրապարակումից հետո շարժը դադարեցվել է։ Ղարաբաղի ոստիկանությունը փակել է ճանապարհը, որպեսզի «մարդիկ չհայտնվեն ադրբեջանական քարոզչության թակարդում» և այլևս չօգտվեն անցակետից։ Ստեփանակերտում խոսակցություններ են շրջանառվում, թե նոր անցակետում կարող են նոր պահանջներ էլ դնել, օրինակ՝ որ Արցախից դուրս գալ կարող եք, հայկական անձնագրով ներս գալ՝ ոչ։ Պաշտոնապես նման բան չի հայտարարվել, բայց Իլհալ Ալիևի վերջնագրերի ֆոնին նման սցենարներն էլ են հնարավոր թվում։ Շրջափակման մեջ մնացած մարդիկ հիշեցնում են նաև Ադրբեջանի «սև ցուցակների» մասին՝ ոչ մի երաշխիք չկա, որ տղամարդկանց անցակետից չեն առևանգի։ տե՛ս Ամերիկյան բանակցությունների մասին՝ Երևանից և Բաքվից Ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշնակ հրամանատար, գեներալ Ալեքսանդր Լենցովը ապրիլի վերջին Ղարաբաղ ժամանելուց անմիջապես հետո մեկնել էր Բաքու՝ բանակցելու։ Ղարաբաղցիներին գեներալը հավաստիացրել էր, թե փորձելու է հասնել Լաչինի միջանցքից ադրբեջանական անցակետի հեռացմանը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը։ Բանակցությունները, սակայն, արդյունք չեն տվել։ «Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել», - մայիսի 8-ին գրել է Ղարաբաղի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ թարմացում — Մարտի 17-ին՝ 18-օրյա դադարից հետո, Կարմիր Խաչը վերսկսել է մարդասիրական տեղաշարժը Լաչինի միջանցքով․ «Կարողացել ենք տեղափոխել առաջնային պարագաներ, այդ թվում դեղորայք ու այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են բժշկական հաստատություններին»։