2026 г. 2 июня, вторник
Тег

#Մինսկի խումբ

Միսկի խմբի ապագան Լավրովն անորոշ է համարում․ Միրզոյանն այլ բան գիտի

Միսկի խմբի ապագան Լավրովն անորոշ է համարում․ Միրզոյանն այլ բան գիտի

Հայաստանի արտգործնախարար Արարտ Միրզոյանն այսօր Մոսկվայում էր․ բրյուսելյան բանակցություններից երկու օր անց հայ դիվանագետը Ռուսաստան էր ժամանել՝ հանդիպելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։  Փակ բանակցություններին մամլո ասուլիս հաջորդեց։ Պարզվեց, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցած վերջին միջադեպի հանգամանքները ռուսական կողմի համար մինչև վերջ պարզ չեն․ գնահատականներ, հետևաբար, չեն տրվելու։ Պարզվեց նաև, որ պաշտոնական Մոսկվան խիստ անորոշ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագան, որի հետ Երևանը դեռ հույսեր է կապում․․․ Արտգործնախարարների երկար ասուլիսի առանցքային հայտարարությունները՝ ստորև․  Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳՆ նախարար — ․․․Միայն այս տարի Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, հավանաբար, մեկուկես տասնյակ հեռախոսազրույցներ են ունեցել․ առաջիկայում նրանք կվերսկսեն դեմ առ դեմ շփումները։ Մենք դիտարկել ենք այսօրինակ կոնտակտների նախապատրաստումը։  ․․․Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրային և ներդրումային գործընկերը․ արտաքին առևտրում մեր մասնաբաժինը գերազանցում է 30%-ը։ Մենք գոհունակությամբ արձանագրեցինք, որ կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած անկումից հետո մեզ հաջողվեց ապրանքաշրջանառությունը վերադարձնել  կայուն աճի հետագծին։ Անցյալ տարի այն կազմել է ավելի քան 2,6 միլիարդ դոլար։ Հավանաբար, անհրաժեշտ է արդեն ուրիշ արժույթներով հաշվել․ դրա շուրջ մենք կպայմանավորվենք հետո։ ․․․Տարվա ընթացքում պլանավորում ենք Երևանում տեղադրել ռուս-հայկական բարեկամության՝ դարավոր միասնության հուշարձան։ ․․․Ի պատասխան Երևանի արտահայտած ցանկության՝ մենք աջակցելու ենք նաև հանրապետությունում ռուսական դպրոցների ավելացմանը։ ...Շատ մոտ, իսկ դեպքերի մեծ մասում՝ համընկնող դիրքերից, խոսել ենք միջազգային արդի խնդիրների մասին։ ․․․Մանրամասն խոսել ենք Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ․ ընդգծել ենք  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020֊ի նոյեմբերի 9֊ի, նախորդ տարվա հունվարի 11-ի և նոյմեբերի 26-ի պայմանավորվածություններն անշեղորեն կատարելու կարևորությունը։  Հաստատել ենք ռուս խաղաղապահ զորախմբի կողմից մանդատի հստակ իրականացման նշանակությունը։  Անդրադարձել ենք հարցերին, որոնք քննարկվել են մեր առաջնորդների մակարդակով, ներառյալ՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծմանը և մերձսահմանային գոտում վստահության և կայունության ամրացմանն ուղղված հետագա քայլերին։ Սրա շուրջ սկզբունքային պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում՝ նախորդ տարվա նոյեմբերին․․․ Հույս ունենք, որ առաջիկայում այս հանձնաժողով կստեղծվի․ մեր գնահատմամբ՝ դրան խանգարող որևէ հանգամանք չկա։ ․․․ Իհարկե, պետք է շարունակել աշխատանքները, որոնք ուղղված են հումանիտար խնդիրների լուծմանը, վերսկսել հանդիպումները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ փոխվարչապետերի համանախագահությամբ, որն առարկայականորեն համաձայնեցնում է տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման պարամետրերը։ Այսօր, ահա, իմացանք, որ եռակողմ խմբի հերթական նիստը տեղի է ունենալու այս ամիս։ ․․․Ռուսաստանը պատրաստ է աջակցել նաև այն աշխատանքին, որն այժմ տարվում է Երևանի և Բաքվի միջև՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման համար պայմաններ ստեղծելու շուրջ։ Առարկայնորեն քննարկել ենք, թե ինչպես կարող ենք աժանդակել մեր հարևաններին այդ գործընթացը մեկնարկելու հարցում։ Իհարկե, մենք ողջունում ենք Երևանի և Անկարայի միջև կապերի կարգավորման պրոցեսը։ Դա պետք է նպաստի մեր ընդհանուր տարածաշրջանում իրադրության առողջացմանը։ Նշել ենք նաև տարածաշրջանային 3+3 խորհրդատվական հարթակի բարեհաջող գործարկումը․․․ Մենք բոլորս կարծում ենք, որ այս հարթակը լրացուցիչ հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի բոլոր երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության կարգավորման և բազմածրագրային համագործակցության համար։ Հաստատել ենք, որ հետաքրքրված ենք, որպեսզի մեր վրացի գործընկերները միանան այս հեռանկարային հարթակին։ ․․․Իհարկե, խոսել ենք Ուկրաինայի վրա և նրա շուրջ իրավիճակի մասին։ Մենք մանրամասնորեն տեղեկացնում ենք մեր ընկերներին հատուկ ռազմական օպերացիայի ընթացքի մասին, որն ուղղված է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչների պաշտպանությանը ռազմական վնագից, ուղղված է Ուկրաինայի ապառազմականացմանը՝ անվտանգություն երաշխիքների ապահովման համատեքստում, որոնք չեն ենթադրելու Ուկրաինայի բլոկային կարգավիճակը, խոսել ենք այն մասին, թե ինչպես ապահովել Ուկրաինայի չեզոք, ապամիջուկային կարգավիճակը՝ երաշխիքների հաշվին, որոնք ՆԱՏՕ֊ի մասնակցություն չեն ենթադրում։ ․․․Ընդհանուր առմամբ, ես չափազանց գոհ եմ մեր հանդիպման արդյունքներից։ Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար․  ― ․․․ Մեր երկրների բարձրագույն ղեկավարության միջև քննարկումների գլխավոր առարկան իրավիճակն է Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ֊ադրբեջանական սահմանին։ Իհարկե, խոսքը նախևառաջ գործողությունների մասին է, որ տանում են հումանիտար ճգնաժամի, խոսքը Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող գազատարի «վթարման» մասին է, հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների մասին, որոնցից վերջինը տեղի ունեցավ մարտի 24-ին՝ այլ աշխարհաքաղաքական դեպքերի ֆոնին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Լեռնային Ղարաբաղ՝ Փառուխ գյուղ, որը գտնվում է ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, խոսքը նաև միջանցքային թեմատիկայի մշտական շահարկման մասին է, որ բացասականորեն է անդրադառնում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակմանն ուղղված գործընթացի վրա, և Լեռնային Ղարաբաղում միջազգային կառույցների գործունեության փաստացի արգելափակման մասին, խոսքը նաև Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ԶՈՒ ստորաբաժամումների դուրսբերումը մերեժելու մասին և այդպես շարունակ։ Իհարկե, Սերգեյ Վիկտորովիչի հետ մեր քննարկումների կաևորագույն մասը նվիրված էր հենց այս հարցերին։ Կցանկանայի կրկին ընդգծել, որ Ռուսաստանը առանցքային դեր է ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի դադարեցման մեջ, ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի տեղակայումը կոչված էր լինել սադրանքներ բացառման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման և բնականոն կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու գործոն։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի հետագա միջնորդության ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Մենք նաև բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հուվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրագործմանը։ ․․․ Ես ներկայացրել եմ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, այս կապակցությամբ իմ կողմից ևս մեկ անգամ վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքի կարևորությունը։ Լավրոց―․․․ Մարտի 24֊ին տեղի ունեցած միջադեպի ամենասկզբից մենք հայտարարել ենք, որ մեր զինվորականները, մեր խաղաղապահ զորախումբը զբաղվում է բոլոր հանգամանքների պարզաբանմամբ։ Մենք այդ մասին այսօր խոսել ենք։ Մեզ համար այդ հանգամանքները մինչև վերջ պարզ չեն․ ես չէի ցանկանա առաջ ընկնել և վերջնական եզրակացություններ անել։ Մենք համոզված ենք, որ մեր հայ ընկերները լիովին վստահում են ռուսական խաղաղապահ զորախմբին և երբեմն հնչող կոչերը՝ զորախմբին պատասխանատվության ենթարկել, ինչ֊որ ծառայողական քննություն իրականացնել, չեն արտահայտում հայ ժողովրդի, հայկական ղեկավարության իրական վերաբերմունքը․․․ Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահող եռյակի գործունեությանը կամ նույնիսկ դրա ապագային․ ես չգիտեմ՝ ինչ ճակատագիր այն կունենա։ Մեր այսպես կոչված ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները՝ ռուսատյաց տենդի մեջ, ձգտելով չեղարկել ամեն-ամեն ինչ, որ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հայտարարելով, որ այդ ձևաչափով մեզ հետ չեն շփվելու։ Դա նրանց իրավունքն է։ Եթե նրանք պատրաստ են զոհաբերել շահերը՝ Ղարաբաղում և ամբողջ Անդրկովկասում իրավիճակի կարգավորման հարցում, եթե նրանք պատրաստ են զոհաբերել, այս պարագայում, հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է։ Նրանք իրենց առաջնահերթությունների թվում այժմ ոչ միայն այս կոնֆլիկտը, այլև աշխարհի մյուս բոլոր կոնֆլիկտներն ու ճգնաժամերն են դարձնում իրենց ռուսատյաց քաղաքականության պատանդ՝ ստիպելով ամեն բան և ամենքին դադարեցնել համագործակցությունը ցանկացած ձևաչափով՝ զուտ որ ապացուցեն ամեն ինչին և ամենքին իրենց միակողմանի կամքը թելադրելու կարողությունը։ Նման մոտեցումը ես բացարձակ անպատասպանատու եմ համարում։ Այն մեզ հունից չի հանի։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք և հավատարիմ ենք եղել ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը աջակցելուն, եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։ Սա մեր ընտրությունը չէր։ Միրզոյան․ — ․․․Իհարկե, աշխարհում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացրել է համանախագահության աշխատանքը: Այնուամենայնիվ, ինձ որոշակի այլ լուրեր են հասնում՝ հաշվի առնելով այն շատ կոնկրետ ազդանշաններն ու տեղեկությունները, որոնք ես ստացել եմ համանախագահներից և բազմաթիվ այլ երկրներից, ես կցանկանայի հաստատել, որ չնայած ադրբեջանցի գործընկերները կրկնում են, որ Մինսկի խմբի նախագահությունը դադարել է գոյություն ունենալ, որ նրանք զբաղվելու հարց չունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլևս չկա, Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածաշրջան այլեւս գոյություն չունի, չնայած այս ամենին, միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում, ինչը պետք է նշեմ, որ շատ հուսադրող է։ Մամուլի ասուլիսն ամբողջությամբ (ռուսերեն լեզվով)՝

Գերիներ, քարտեզներ, պայմանագիր․ Լավրովին հանդիպեց Միրզոյանը

Գերիներ, քարտեզներ, պայմանագիր․ Լավրովին հանդիպեց Միրզոյանը

«Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չի ընթանում», - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր առաջին հանդիպմանը հաջորդած ասուլիսին հայտարարել է Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա», - հավելել է Միրզոյանը: Միրզոյանն, սակայն, առաջարկել է ավելի շատ կենտրոնանալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա՝ մի քանի անգամ շեշտելով՝ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, իր ուզած ձևով է մեկնաբանում դրանք և առհասարակ խախտում է միջազգային նորմերը։ «Գերիների վերադարձը լավ քայլ կլիներ․․․» Շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին՝ հայ ռազմագերիների մի մասին վերադարձնելու համար, Միրզոյանն ընդգծել է՝ տուն պետք է վերադառնան բոլորը։ Համատեղ ասուլիսի ընթացքում գերիների հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։  «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի 8-րդ կետում խոսվում է այն ռազմագերիների մասին, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ժամանակ, - հայտարարել է նա՝ շարունակելով․ - այսօր Բաքվում պահվում են մարդիկ, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո»։ Ռուսաստանի նախագահն, ըստ Լավրովի, իր բոլոր շփումներում, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հետ, ամեն դեպքում շեշտում է պահվող բոլոր անձանց վերադարձի անհրաժեշտությունը․ «Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ազատ արձակել բոլորին՝ առանց նախապայմանների»։ Լավրովը շեշտել է՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը խաղաղությանն ուղղված լավ քայլ կլիներ Բաքվի կողմից։ Նման քայլ, ըստ նրա, կլիներ նաև, եթե Հայաստանը Ադրբեջանին հանձներ ականապատված բոլոր տարածքների քարտեզները։ Ռուսաստանի արտգործնախարարը կրկին ընդգծել է սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը, Հայաստանի արտգործնախարարն, իր հերթին, մի քանի անգամ շեշտել է՝ Ադրբեջանը խախտել է միջազգային նորմերը և մայիսի 12-ին ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք: «Եկել ենք կարծիքի, որ Մինսկի խմբի անհրաժեշտությունը կա», բայց՝ ոչ բանակցելու համար Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսմանը, համատեղ ասուլիսին Լավրովը, նախ, նշել է՝ «այսօրվա բանակցություններում եկել ենք այն կարծիքի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտություն կա», ավելի ուշ՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել՝ խոսքն այսօր ոչ թե բանակցային գործընթացը վերսկսելու մասին է, այլ՝ եռակողմ համաձայնագրերը կատարելու, ինչը կփոխի իրավիճակը տարածաշրջանում և վստահության մթնոլորտ կստեղծի հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ինչն էլ, իր հերթին, ի վերջո կբերի քաղաքական կարգավորման: Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման և մի շարք այլ հարցեր։ Արտգործնախարարների հանդիպումից հետո Միրզոյանը ընթրիք է ունեցել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

ՄԽ համանախագահների 2/3-ը հանդիպել է Փաշինյանի հետ

ՄԽ համանախագահների 2/3-ը հանդիպել է Փաշինյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը կարևորել է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան և անհրաժեշտ համարել ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: Վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը: Կառավարության ղեկավարը դատապարտելի է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչի դրսևորվել է արցախա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 11-ին և 12-ին տեղի ունեցած սադրիչ գործողություններով: Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, բանակցային գործընթացի վերսկսմանը, արցախահայության իրավունքների վերականգնմանը և անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: Մինչ ակդ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին նաև Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ։ Համանախագահների և Ղարաբաղի նախագահի հանդիպումը չի կայացել։ Ղարաբաղի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ այն չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ:  «Համանախագահների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- ասել է Պողոսյանը։ Մինսկի խմբի տարածաշրջանային այցերն անցել են առանց ռուս համանախագահ Իգոր Պոպովի։ Վերջինիս բացակայության վերաբերյալ որևէ պարզաբանում չկա։ Հիշեցնենք, որ նախքան Հայաստան գալը՝ ՄԽ համանախագահները գնացել էին Բաքու։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայացել էին նրանց և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումները։ Ալիևը հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ ՄԽ-ն 28 տարվա ընթացքում արևէ դերակատարում չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում և որ ինքը համանախագահներին Ադրբեջան «չի հրավիրել» (ավելի մանրամանս՝ այստեղ)։