Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին հայտարարել էր, որ ես նրա իդեալն եմ: Բա ինչի՞ հիմա չի լսում, թե իր իդեալը ինչ է ասում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
«Ես չեմ ուզում կենտրոնանալ այդ հարցի վրա, բայց եթե նա նման բան էր ասում, ինչի՞ հիմա չի լսում, թե ես ինչ եմ մտածում այս կամ այն հարցի շուրջ»,- ասել է Հայրիկյանը:
Հայրիկյանը չի ցանկացել մեկնաբանել մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Տեր-Պետրոսյանի կինն ու որդին մեկնել են ԱՄՆ, քանի որ առաջիկայում Տեր-Պետրոսյանը ծրագրում է սրել իրավիճակը Հայաստանում:
«Ես գիտեմ, որ նա բազմաթիվ բարեկամներ ունի ԱՄՆ-ում: Նա, ոչ պակաս քան որևէ մեկն, իրավունք ունի իր ընտանիքի հարցը կարգավորել, ինչպես ցանկացած հայեր, որ թքած ունեն ազգային ճակատագրի վրա: Չեն հասկանում, որ ընտանիք է նաև ազգը», – ասել է Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Русский репортер»-ը հրապարակել էր Wikileaks կայքի կողմից գաղտնազերծված փաստաթղթերը, որտեղ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենինգթոնը, մասնավորապես, գրել էր, որ «կյանքի համար վտանգի պատճառով» Լևոն Տեր-Պետրոսյանի որդին` Դավիթը, հոր պահանջով 2008թ. նախագահական ընտրություններից առաջ մեկնել էր Լոս Անջելես: