Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստանի» և «Օրինաց երկրի»` նախորդ շաբաթ ստորագրած կոալիցիոն հայտարարությունն ունի չլուսաբանված կողմեր. դա փորձ է` իշխանական վերնախավի միավորման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
«Այս իրավիճակում հայտարարության էությունը չի կարող հարատև լինել:
Սա որոշակի հակասությունների պայմաններում ձևավորված հռչակագիր է: Այն իշխանությունների հետագա վերարտադրության համար է առաջ քաշվում», – նշել է բանախոսը:
Նրա խոսքով` ընդդիմության հիմնական նպատակն իշխանության վերարտադրելը թույլ չտալն է:
Խաչատրյանը նշել է, որ ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքները բացառելու համար ընդդիմության միասնական գործողություններ են անհրաժեշտ: Բանախոսի կարծիքով` ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր յուրաքանչյուր ուժի հետ հնարավոր է համագործակցել:
«Ընդդիմադիր կամայական ուժի հետ բացառել համագործակցությունը նոնսենս է», – հայտարարել է Խաչատրյանը: