Մոլորակի լավագույն ֆուտբոլիստ, Արգենտինայի հավաքականի և իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ինչպես և նախորդ ամիսներին, այնպես էլ հիմա շարունակում է մնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Ֆրանսիական ԶԼՄ-ների հաշվարկով` այս ֆուտբոլիստը տարեկան 31 մլն եվրո է աշխատում:
Երկրորդ տեղում է իսպանական «Ռեալ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն, ով վաստակում է տարեկան 27 մլն եվրո: Ամենահարուստ ֆուտբոլիստների լավագույն եռյակը եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին`20,7 մլն եվրո տարեկան եկամուտով:
Ֆրանսիական փորձագետների տվյալների համաձայն, ամենաբարձր վարձատրվող մարզիչը Ժոզե Մոուրինյուն է, որի աշխատավարձը «Ռեալում» կազմում է 13,5 մլն դոլար: Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան`10,5 միլիոնով: «Ինտերի» նախկին մարզիչ Ռաֆա Բենիտեսը 10,2 մլն եվրոյով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Թեև իտալական ակումբը ժամանակից շուտ չեղյալ է հայտարարել Բենիտեսի պայմանագիրը, այդուհանդերձ նա շարունակում է աշխատավարձ ստանալ: