Երեկ Ֆրանսիայի Էքս-Լը-Բեն քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում կայացան 7-րդ տուրի հանդիպումները, որոնք անհաջող դասավորվեցին Հայաստանի ներկայացուցիչների համար: Մասնավորապես, Ավետիք Գրիգորյանը պարտվեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին, իսկ Հրանտ Մելքումյանը` անգլիացի Լյուք Մաքշեյնին:
Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը և Զավեն Անդրեսյանն իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին, ինչն էլ ավելի հետ մղեց մեր գրոսմայստերներին մրցաշարային աղյուսակում:
Նշենք, որ այս պահին 6 միավորով առաջին տեղում է ընթանում ռուսաստանցի Վլադիմիր Պոտկինը, որին հաջորդում են 19 շախմատիստներ, ովքեր 5,5 միավոր են վաստակել: Հայազգի շախմատիստներ Ռուսաստանը ներկայացնող Արթուր Գաբրիելյանը և Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը 5 միավոր ունեն և գտնվում են համարպատասխանաբար 39-րդ և 40-րդ տեղում: Հայաստանը ներկայցնող լավագույն շախմատիստն է Սամվել Տեր-Սահակյանը, ով վաստակել է 4,5 միավոր և զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը: Նույնքան միավորով Գաբրիել Սարգսյանը 68-րդ է (միավորների հավասարության դեպքում հաշվի են առնում լրացուցիչ ցուցանիշները- խմբ.): Արման Փաշիկյանը և Վլադիմիր Հակոբյանը նույնպես 4,5 միավոր են վաստակել և գտնվում են համապատասխանաբար 83-րդ և 85-րդ տեղերում: