Home / Հայաստան / Համշենահայերը Թուրքիայում նոր կուսակցություն են ստեղծում

Համշենահայերը Թուրքիայում նոր կուսակցություն են ստեղծում

Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում Սև Ծովի ափին բնակվող իսլամացած հայերի համայնքը պատրաստվում է նոր քաղաքական կուսակցություն հիմնել: Կուսակցության հիմնադիր Իսմեթ Շահինը պատգամավորի թեկնածու է եղել, նա քրդամետ Խաղաղություն և Ժողովրդավարություն կուսակցության համակիրներից էր, քանի դեռ դուրս չէր մնացել խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակից:

Նոր կուսակցության անունը կհայտարարվի հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո:

«Մենք կդառնանք այն կուսակցությունը, որը հասարակական խնդիրների համար գլոբալ լուծումներ կառաջարկի և կպաշտպանի  բոլոր ճնշված ժողովուրդների շահերը: Մեր կուսակցությունն ամբողջապես դուրս է մնալու աջական և ձախական հայեցակարգերից»,- Hürriyet Daily News-ի հետ զրույցում պատմել է համշենահայերի համայնքի ներկայացուցիչ Շահինը:

Նշենք, որ այս տարի թուրքահայ 7 թեկնածուներ, որոնք տարբեր կուսակցությունների միջոցով քաղաքական պայքարի մեջ էին մտել խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար, արդեն դուրս են մնացել թեկնածուների ցուցակից:

«Չափազանց միամիտ էր դրական արդյունքներ ակնկալել: AKP-ն (Արդարություն և Զարգացում իշխող կուսակցություն) առերես բանավեճերի ընթացքուոմ հայկական ծագումը օգտագործում է որպես վիրավորանք»,- ասել է Շահինը, ով մեղադրել է իշխող AKP և հիմնական ընդդիմադիր CHP (Հանրապետական ժողովրդական կուսակցություն) կուսակցություններին ազգայնականության մեջ և հավելել, որ Ստամբուլի հայ համայնքը Թուրքիայի քաղաքական և հասարական համակարգում շարունակում է ոչ էական գործոն մնալ:

«Անգամ մեկ հայ թեկնածուի ներկայությունը խորհրդարանում Թուրքիային կհիշեցնի իր պատմության մասին, նա կստիպի Թուրքիային դեմ առ դեմ դուրս գալ իրենց պատմությանը: Թուրքիան այդքան խիզախություն չունի իր պատմության աչքերին նայելու համար»,- ասել է Շահինը:

«BDP-ն (Խաղաղություն և ժողովրդավարություն քրդամետ կուսակցություն) քրդերին և թուրքերին ներկայացնում է որպես զինակից եղբայրներ, որոնք երկիրը պաշտպանելու համար պայքարել են ընդհանուր թշնամիների դեմ: Այլ ճնշված ժողովուրդների հետ համագործակցելու փոխարեն` BDP-ն նախընտրում է բացառապես Քրրդերի շահերը պաշտպանելը: Նախկինում նրանք աջակցում էին ինձ, որովհետև ես կուսակցության ներսում էի և համշենահայ էի»,- ասել է Շահինը` հավելելով, որ ինքն անիմաստ է համարում իր համշենահայ լինելու հանգամանքի վրա այդքան մեծ ուշադրություն դարձնելը:

«Վերջին տարիներին, ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում հայտարարել իրենց հայկական ծագման բացահայտման մասին, և ես սա անկեղծ քայլ չեմ համարում: Համշենները միշտ իրենց համշեն են համարել: Եթե դուք հարցնեք նրանց` արդյոք իրենք թուրք են, դուք բացասական արձագանք կստանաք: Եթե հարցնենք նրանց հայ լինելու մասին` կրկին բացասական պատասխանի կարժանանաք: Նրանք միայն կասեն ձեզ, որ համշեն են»,- ասել է Շահինը:

Tekali Taxi