Home / Հայաստան / Ընդդիմությունը կսպասի Սերժ Սարգսյանի պատասխանին. մինչ այդ իրավիճակը չի սրի

Ընդդիմությունը կսպասի Սերժ Սարգսյանի պատասխանին. մինչ այդ իրավիճակը չի սրի

Իշխանությունները հույսները դրել էին այն հանգամանքի վրա, որ երեք տարի շարունակ ընտրություն չպիտի լինի, չպետք է որևէ խնդիր առաջանա իրենց առջև, և ընդդիմությունը պետք է կամաց-կամաց մաշվի: Հայաստանի լուրջ վերլուծաբաններ կամ վերլուծագանգեր լրջորեն կանխագուշակում էին, որ այս շարժումը քանդվելու է: Ասում էին, որ ընդդիմությունը սովորաբար ընտրություններին ընդառաջ ստեղծում է մի տառան, միավորվում է և տառանով փորձում է ջարդել իշխանության ամրոցը, և երբ որ դա չի հաջողվում, քանդվում է: Եվ մյուս ընտրություններից առաջ էլի հավաքում է: Սա առաջին անգամ է,  որ  բոլոր այդ վերլուծագանգերը սխալվեցին: Այս մասին այսօր Դավթաշեն վարչական շրջանում Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակի բացման ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով` փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում ընդդիմությունն անցկացրել են բավական լուրջ հանրահավաքային արշավ, և իշխանությունների համար հասկանալի էր, որ քաղաքական լարումը հասել էր մի աստիճանի, որ իսկապես մազ էր մնում, որ գնար արաբական երկրների սցենարով, և դա էր պատճառը, որ իշխանությունները որոշեցին ընդունել իրենց առաջարկը կամ պահանջները:

Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա, Զուրաբյանի խոսքով, «պատասխան պետք է ստանանք Սերժ Սարգսյանից»:

«Մենք բացարձակապես նպատակ չունենք այն պատասխանները, որոնք հնչել են,  որպես առիթ բռնել և սրել իրավիճակը: Մեզ պետք է շատ լուրջ հստակություն և մինչև ողջամիտ ժամանակ մենք տալիս ենք: Մենք պետք է իմանանք` արդյոք իշխանություններն ընդունում են այս առաջարկը, թե մերժում են: Եվ այստեղ պարզություն պիտի լինի: Կիսապատասխաններ, լղոզված պատասխաններ մեզ չեն բավարարում: Իշխանությունը այդ հստակությունը պարտավոր է մտցնել: Եթե ասում են «այո», դա նշանակում է, որ իշխանությունները պատրաստ են խաղաղ բանակցություններով այս քաղաքական խորը ճգնաժամը լուծել, եթե ասում են «ոչ», դա նշանակում է մի բան` նրանք, ըստ էության, նորից մարտահրավեր են նետում ժողովրդին, նորից ասում են` եկեք, հավաքվեք, ցույց տվեք ձեր ուժը, որովհետև ուժից բացի, մենք ուրիշ լեզու չենք հասկանում»,- ասել է Զուրաբյանը:

Tekali Taxi