2011թ. սեպտեմբերի 7-ին, ժամը 15:15 Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ մի քանի ավազակային հարձակումների մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Կարեն Կարապետյանի և Պետրոս Հակոբյանի գործով հերթական դատական նիստը:
Ինչպես հաղորդում է Հելսինկյան ասոցիացիան, դատական նիստի ամբողջ ընթացքում ամբաստանյալները եղել են ձեռնաշղթաներով, իսկ նիստին ներկա են գտնվել 12 ոստիկան և 5 կարգադրիչ:
Ամբաստանյալները դատարանից 1 շաբաթ ժամանակ են խնդրել, որպեսզի միջնորդություն պատրաստեն դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Դատավորը տրամադրել է ընդամենը 30 րոպե:
Ընդմիջման ժամանակ ամբաստանյալ Կարեն Կարապետյանը հնարավորություն չի ունեցել խորհրդակցել իր պաշտպանի հետ, քանի որ ոստիկանները շրջապատել էին նրանց՝ սպառնալով ամբաստանյալին՝ «Քեզ կառցեր կգցեմ»:
Ընդմիջումից հետո դատավորը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը, մինչդեռ միջնորդություն որպես այդպիսին դեռ ներկայացված չի եղել:
Հելսինկյան ասոցիացիան նշում է, որ դատական նիստի ընթացքում դատավորը ստիպում էր ամբաստանյալներին ներկայացնել իրենց վերջին խոսքը՝ չցանկանալով ավելորդ ժամանակ տրամադրել նրանց պատրաստվելու համար: Արմեն Մարտիրոսյանն իր դժգոհությունն է արտահայտել դրա վերաբերյալ՝ հրելով իր դիմացի սեղանը կանգնելու համար, ինչին հետևել է դատավորի կարգադրությունը՝ դուրս հանել բոլոր ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճից:
Սսկվել է քաշքշուկ ոստիկանների և ամբաստանյալների միջև, և դատավորը փոխել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով 20 րոպե ընդմիջում, որից հետո նիստը շարունակել է ամբաստյալների մասնակցությամբ: Ընդմիջումից հետո դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 20-ը, ժամը 12:00-ին:
Նշենք,որ Արմեն Մարտիրոսյանին ձերբակալել են 2010 հունվարի 19-ին: Նրա մայրը ` Օֆելյա Մարտիրոսյանը, դիմել էր Հելսինկյան ասոցիացիա և հայտնել իր որդու նկատմամբ կատարված խոշտանգումների մասին: Նա հայտնել էր, որ իր որդու ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով: Արմեն Մարտիրոսյանը դատավարության ընթացքում երեք անգամ փորձել է ինքնասպանության փորձ կատարել: Վերջին փորձը տեղի է ունեցել Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 29-ին: Մարտիրոսյանն ինքն իրեն պատճառել էր վնասվածքներ ձեռքի և որովայնի շրջաններում: Նա սկզբում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որից հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ բուժմաս: Բժիշկները Մարտիրոսյանի կյանքը փրկել են` ձեռքերին և որովայնին պատճառված վնասվածքների հետևանքով մոտ 150 կար դնելով: