Մեդվեդևն ի վիճակի չէ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը: Այս հակամարտությունը առհասարակ ոչ ոք չի կարող լուծել: Միայն ամերիկացիներն են ցանկանում հարցը կրկին բարձրացնել: Այս մասին vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է Եվրասիական միջազգային շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը:
Նրա խոսքով` ԱՄՆ-ն դրդում է Ադրբեջանին ուժային տարբերակով հարցի լուծման: «Միաժամանակ, Վաշինգտոնն աջակցում է հայերին` խոստանալով նրանց վերանայել Ղարաբաղի ճանաչման հարցը: Այդ պարագայում էլ Ադրբեջանն անկեղծորեն հավատում է, որ ամերիկացիները կօգնեն իրենց գտնել Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը: Նույն կերպ էլ հայերն են հավատում, որ ամերիկացիները կճանաչեն Ղարաբաղը»,- պարզաբանել է Դուգինը:
Ռազմական գործողությունները վերսկսելու Բաքվի գայթակղությունը նա բացատրել է նաև նրանով, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո խիստ փոփոխվել է Ադրբեջանի զինված ուժերի համակարգը: Միևնույն ժամանակ, ռուսաստանցի փորձագետը նշել է, որ վստահ չէ նման տարբերակի հաջողության մեջ:
«Թեև, հնարավոր է, որ որոշ մասնավոր փոփոխություններ տեղի ունենան: Սակայն ղարաբաղյան պատերազմը Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության համար աղետալի կլինի: Այդուհանդերձ, Ռուսաստանը ոչինչ չի անում, որպեսզի գոնե ինչ-որ կերպ այն կանխի: Ռուսաստանն անգամ հստակ քաղաքականություն չունի Հարավային Կովկասի հարցում: Չարժէ ակնկալել, որ Մեդվեդևը կկարողանա դիմակայել Կովկասի այդ նուրբ խաղին, որն ամերիկացիներն են վարում: Ռուսաստանը Ղարաբաղի հարցում ոչինչ չի կարող անել: Ես մտածում եմ, որ ամերիկացիները ամեն դեպքում «կպայթեցնեն» Ղարաբաղը` Ադրբեջանին դրդելով հակամարտության լուծման ուժային տարբերակին և միաժամանակ սատարելով երկու կողմերին էլ»: