Այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվեց «ԱրմենՏել» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:
«Արմենտելի» դեմ հայցով դիմել էր «Յուքոմ» ընկերությունը` դժգոհություն հայտնելով «ԱրմենՏել» ընկերության գործունեության դեմ: Խնդիրն այն է, որ «ԱրմենՏելը» իր բջջային ցանցից դեպի «Յուքոմ» ընկերության ֆիքսված ցանց կատարվող զանգերի սակագինը սահմանել է 99 դրամ՝ բոլոր սակագնային պլանների դիմաց, մինչդեռ իր ֆիքսված ցանց զանգահարելու դեպքում 1 րոպեի արժեքը, կախված սակագնային պլանից, կազմում է 29,99 դրամ, 39 դրամ և 59 դրամ: «Յուքոմ» ընկերությունը Հանձնաժողովին տեղեկացրել է, որ «ԱրմենՏելի» նման գործելաոճը առաջացնում է բաժանորդների դժգոհությունը և խոչընդոտում է շուկայում առողջ մրցակցային մթնոլորտի ձևավորմանը` ստիպելով բաժանորդներին հրաժարվել իրենց կողմից առաջարկվող ծառայություններից:
Սահմանված սակագնի պատճառով քաղաքացիները խուսափում են օգտվել բջջային օպերատորի միջոցով «Յուքոմ» ֆիքսված ցանց զանգահարելուց, ինչն էլ արհեստականորեն խոչընդոտում է շուկայում համեմատաբար նոր մուտք գործած ընկերության հեռախոսային ծառայությունների ընդլայնմանը:
Հանձնաժողովը որոշել է, որ «Արմենտելը» չարաշահել է գերիշխող դիրքը:
Վարույթի հարուցումից հետո «ԱրմենՏել» ընկերությունը միջնորդությամբ դիմել է Հանձնաժողովին և տեղեկացրել, որ ընդունում է իրավախախտման փաստը և պարտավորվում է սեղմ ժամկետում վերացնել այն: Խախտումն ամբողջությամբ վերացնելու համար Հանձնաժողովը սահմանել է երկշաբաթյա ժամկետ՝ միաժամանակ ընկերությանը տալով խիստ նախազգուշացում:
Հանձնաժողովը հիշեցնում է նաև, որ անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ «Արմենտելի» նկատմամբ տուգանքը կիրառվել է նախորդ տարի՝ «Hi-Line» ծառայության վերաբերյալ գովազդվող տեղեկատվության և ծառայության տրամադրման իրական պայմանների միջև ակնհայտ անհամապատասխանության հետևանքով: