Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը քննադատել է Շմիդտին. Գերմանիայի դեսպանը համաձայն չէ

Տեր-Պետրոսյանը քննադատել է Շմիդտին. Գերմանիայի դեսպանը համաձայն չէ

Այսօր Ազատության հրապարակ եկած Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում դեսպանը ներկայացրել է իր և Տեր-Պետրոսյանի զրույցի մանրամասները.

«Նոր եմ վերադարձել Գերմանիայից, և ցանկանում էի տեսնել` ինչ է կատարվում Ազատության հրապարակում: Որոշ հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ եմ ստացել, ուստի ուզում էի հասկանալ, ինչ իրավիճակ է: Եվ պատահական (դեսպանը անգլերեն խոսքի ժամանակ մեջբերել է ռուսերեն «սլուչայնո» բառը) հանդիպեցի պարոն Տեր-Պետրոսյանին: Նա քննադատեց ինձ վերջերս «Սիվիլիթասում» 1996 թվականի դեպքերի մասին խոսելու համար, երբ ես ասել էի, որ այդ տարի ընտրակեղծիքներ են եղել, որոշ մարդիկ բանտ են ուղարկվել, և ես, ինչպես հայտնի է… ասել եմ «Սիվիլիթասում»` մարդ պետք է առնվազն ընդունի, թե ինչ է պատահել այդ տարիներին: Ինձ համար դա քննադատական էթիկա է: Երբ դու քննադատում ես որևէ մեկին, տվյալ մարդը գոնե պետք է ընդունի, որ այդ ժամանակ ինչ-որ բան սխալ էր թե ժողովրդավարության առումով, թե ցանկացած այլ տեսանկյունից», – ասել է Շմիդտը:

Նա նշել է, որ այդ տարիներին ընտրակեղծիքներ են եղել, մարդիկ բանտում են հայտնվել, ինչպես, օրինակ, դեսպանի հիշելով, 230 դաշնակներ, ինչպես նաև հեռուստաալիքներ են փակվել:

«Եվ եթե որևէ մեկն ասում է , որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, ես, որպես օտար մարդ, անշուշտ սկսում եմ մտահոգվել: Եթե նա ինձ քննադատում է,  որ ես խառնվում եմ ներքին գործերին, ապա պետք է կարծիք հայտնեմ, որ մի կողմից` մենք պետք է քննադատող վերլուծաբաններ լինենք, հետևաբար ես ինձ թույլ եմ տալիս երբեմն անդրադառնալ անցյալում տեղի ունեցած որոշ իրադարձությունների», -նշել է Գերմանիայի դեսպանը: