Home / Հայաստան / «Աշոտյանի կադրը» սպառնում է ծնողներին և ուսուցիչներին

«Աշոտյանի կադրը» սպառնում է ծնողներին և ուսուցիչներին

Երևանի Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում տիրում է խայտառակ իրավիճակ և անկայունություն. ուսուցիչները վիճում են միմյանց հետ նույնիսկ դասերի ժամանակ` թե ով է լինելու դպրոցի ապագա տնօրենը, ինչից տուժում են դպրոցում սովորող աշակերտները: Այս մասին ասված է Epress.am-ին ուղարկված բաց նամակում, որում դպրոցի մի շարք սաների ծնողները և ուսուցիչները բողոքում են տիրող իրավիճակից, որը նրանք պայմանավորում են ԿԳՆ-ից ուղարկված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էլեոնորա Թումանյանի ներկայության հետ:

«Մինչև մեր դպրոցում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը Էլեոնորա Թումանյանը Գագիկ Բեգլարյանի օրօք եղել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ և ազատվել է աշխատանքից Կարեն Կարապետյանի օրոք: Նա ՀՀԿ անդամ է` Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանի կադրերից»,-ասված է նամակում:

Ըստ ուսուցիչների` 2 ամսվա ընթացքում նա հասցրել է դպրոցում սպառնալ բոլորին: Նա ահաբեկել է ուսուցիչներին ու փոխտնօրեններին`հայտարարելով, որ եթե նրանք չսատարեն իրեն, ապա փողոցում կհայտնվեն ու կմնան առանց աշխատանքի:

«Նա նաև մեր ուսուցչանոցն անվանել է «տրաքած բոմժանոց»: Նույնը սպառնացել է ծնողներին, ասելով, որ եթե չսատարենք իրեն, երեխաները փողոցում կհայտնվեն: Չնայած այդ ամենի` մեր ողջ դպրոցը, և´ ուսուցիչները, և´ ծնողները, և թե´ աշակերտները սատարում են Լիանա Ավագյանին և պաշտպանում են նրա թեկնածությունը»,-գրում են ուսուցիչներն ու ծնողները:

Նամակի հեղինակները միաժամանակ նշում են, որ Թումանյանի հայտարարություններն այն մասին, թե հանգիստ ու նորմալ աշխատանք է ընթանում կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: