Դեկտեմբերի 1-ին`ժամը 01.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոց թիվ 1/3 հասցեում` «Մոցարտ» սրճարանի դիմաց, տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» և «Սենս» մակնիշների (պատկանում է «Դենտ» տաքսի ծառայությանը) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Սենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1954 թվականին ծնված Ռազմիկ Սուքիասյանը, ուղևորներ` Երևան քաղաքի բնակիչ,1980 թնականին ծնված Ա.Առուստամյանը և Վանաձոր քաղաքի բնակիչներ`1982 թվականին ծնված Վ.Նաջարյանը և նույն թվականին ծնված Կ.Մազմանյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ` տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության: