Դեկտեմբերի 23-ին Մասիսի ոստիկանության կողմից ձերբակալված 27-ամյա Արմեն Քալաշյանը, ով դանակով հարվածել և սպանել էր կրտսեր եղբորըը՝ 25-ամյա Էրիկ Քալաշյանին, կալանավորված է, կատարվում է նախաքննություն: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Սևակ Միլիտոնյանը:
Նրա խոսքով` Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օրենսգրքի 104 հոդվածով (սպանության) հատկանիշներով:
«Ամեն ինչ սկսվել է երեկոյան ընթրիքի ընթացքում ծագած վիճաբանությունից: Եղբայրները ընթրելուց ոգելից խմիչք են օգտագործել, և կենցաղային հողի վրա բորբոքված կրքերը վերածվել են ծեծկռտուքի: Մայրը մի քանի անգամ փորձել է բաժանել տղաներին, սակայն երբ գնացել է խոհանոց, Արմենը վերցրել է վառարանի մոտ դրված դանակը, հարվածել է եղբոր կրծքավանդակին ու տնից դուրս փախել՝ իր հետ տանելով նաև դանակը, որը փորձել էր դրսում թաքցնել: Հայտնաբերելով տղայի արնաթաթախ մարմինը` մայրը շտապօգնություն է կանչել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել», – ասել է Սևակ Միլիտոնյանը:
Ըստ Միլիտոնյանի` չնայած նրան, որ Արմեն Քալաշյանը հանցանքի պահին եղել է խմիչքի ազդեցության տակ, այնուամենայնիվ, նրան կզննի նաև հոգեբույժը:
«Մարդկային այս տեսակի համար որևէ արդարացում չկա, նա կպատժվի օրենքի ողջ խստությամբ», – եզրափակել է Սևակ Միլիտոնյանը: