2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՏԵՍԱՆՅՈւԹ. Ձյունն ու սգացող մարդկանց թափորը հրաժեշտ են տալիս Կիմ Չեն Իրին. եղանակը պատահականություն չէ

Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Պհենյանում անցկացվում է դեկտեմբերի 17-ին կյանքին հրաժեշտ տված երկրի «հզոր առաջնորդ» Կիմ Չեն Իրի հուղարկավորության արարողությունը: ԿԺԴՀ-ի պետական հեռուստաալիքը հեռարձակում է արարողությունը: Ի դեպ, հուղարկավորության արարողությունը կարող է տևել երկու օր:

Այսօր տեղի կունենա հրաժեշտի վերջին արարողությունը, իսկ վաղը առաջնորդի մարմինը կտեղափոխվի հուշահամալիր-դամբարան:

Արտասահմանյան պատվիրակություններին և լրագրողներին չի թույլատրվել հուղարկավորության արարողությանը մոտենալ: Տեղեկատվության միակ աղբյուրը ԿԺԴՀ-ի կենտրոնական հեռուստաալիքն է:

Վաղ առավոտյան հանգուցյալի ապակե դագաղին են մոտեցել ԿԺԴՀ-ի պաշտոնյաները և  մահացած առաջնորդի որդին`երկրի նոր առաջնորդ Կիմ Չեն Ինը:

Ինչպես նշում է РБК daily-ն, բարձր հեկեկոց և սուգի աղաղակներ են լսվում ամբոխից, որոնք կրկնում են «hայր, հայր»:

Կիմ Չեն Իրի մասին շրջանառվող լեգենդներից մեկի համաձայն, նա կարողանում էր ղեկավարել եղանակը: Ըստ այդմ, պետական հեռուստաալիքը հայտնել է, որ այսօրվա եղանակային դաժան պայմաններն ու ձյունը ուղեկցում են նրա հուղարկավորության արարողությանը: Հիշեցնենք, որ օրերս ԿԺԴՀ-ի պետական հեռուստաալիքը նաև տեսանյութ էր ցուցադրել այն մասին, թե ինչպես են անգամ կաչաղակները սգում երկրի առաջնորդի մահը: