ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ Գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը մտադիր է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել Երևանի Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում։ Շրջանառվող այս լուրը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է Սուքիասյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
Թերթի թղթակցի այն դիտարկմանը, թե իշխանական շրջանակներն արդեն լուրեր են տարածում, որ Սուքիասյանի թեկնածությունը հնարավոր է չգրանցվի վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում չբնակվելու պատճառաբանությամբ, «ՀԺ»-ի զրուցակիցն ասել է.
«Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում, ինչպես նախկինում, հիմա էլ նա հաճախ է գործուղումների մեկնում, բայց դա որևէ իրավական խոչընդոտ չի առաջացնի նրա թեկնածության գրանցման համար»:
Օրաթերթը նշում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է այս ընտրատարածքում առաջադրել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը։ «ՀԺ»-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն այս ընտրատարածքում թեկնածու չի առաջադրելու։
Հիշեցնենք, որ 2007 թվականին ԱԺ պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանը 2008 թվականի նախագահական ընտրություններին աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին: 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո Սուքիասյանին զրկել են պատգամավորական մանդատից, նա ընդհատակ է անցել: Գործարարին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Նա ընդհատակից դուրս է եկել 2009 թվականի սեպտեմբերի 2-ին և կամավոր հանձնվել իրավապահ մարմիններին: Սեպտեմբերի 21-ին նրան թույլ են տվել մեկնել Գերմանիա բուժման նպատակով, իսկ 2011 թվականի փետրվարին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: