2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Մաշտոցի պուրակի ակտիվիստները քաղաքապետին «նվեր» հանձնեցին (ՖՈՏՈ)

Շուրջ 80 օր Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարների ապամոնտաժման համար պայքարող բնապահպան ակտիվիստներն այսօր երթ անցկացրեցին դեպի Երևանի քաղաքապետարան`քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց խորհրդանշական նվերը` ՀՀ Սահմանադրությունը փոխանցելու համար: Ակտիվիստ Արփինե Գալֆայանը մտել է քաղաքապետարան և «նվերը» հանձնել քաղաքապետարանի նամակների բաժնի պատասխանատուին:

Ակտիվիստների այս քայլը նպատակ ուներ հիշեցնելու քաղաքապետին իր սահմանադրական պարտավորությունների մասին:

«Քաղաքապետը պետք է ենթարկվի Երևանի հանրության կարծիքին, այլ ոչ թե որևէ բարձրաստիճան պաշտոնյայի քմահաճույքներին»,- մեկնաբանելով նվերի խորհուրդը` ասել է ակտիվիստ Գոռ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման մասին Տարոն Մարգարյանը որոշում կայացրեց միայն այն բանից հետո, երբ այգի այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ տաղավարները տգեղ են, և հորդորեց քանդել դրանք:

Ակտիվիստ Գոռ Հակոբյանը նշել է նաև, որ կրպակների ապամոնտաժումը դեռ չի նշանակում, որ իրենց պայքարն ավարտված է: Բնապահպանները հետամուտ են լինելու, որպեսզի ապրիլի 29-ին պուրակում ակտիվիստների վրա բռնի ուժ գործադրելու հրամաններ արձակած անձինք` Երևանի փոխոստիկանապետներ Ռոբերտ Մելքոնյանը և Կարեն Մովսիսյանը,  պատասխանատվության ենթարկվեն: Բացի դա, ըստ Հակոբյանի, բաց է մնացել մեկ հարց, թե ինչպես է հանրային տարածքը բռնագրավվել և օգտագործվել առևտրային նպատակով:

Վերջում ակցիայի մասնակիցները «Գեղեցիկ չի, ապամոնտաժե´ք» գրությամբ  պաստառ են փակցրել քաղաքապետարանի պատին և հեռացել: