Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատի 135-ամյակի առիթով հրավեր է ուղարկել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների բոլոր դեսպաններին, միջազգային կազմակերպություններին, «Հրապարակ» օրաթերթին տեղեկացրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Ինչպես նշում է «Հրապարակ» օրաթերթը, հրավերն ընդունել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Բելառուսի, նույնիսկ Չինաստանի դիվանագիտական ներկայացուցիչներն իրենց տիկնանց հետ:
Թերթն ընդգծում է, որ դեսպանների շարքում չի եղել Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
««Ինչո՞ւ» հարցին ռուսական կողմի ոչ պաշտոնական բացատրությունը հետևյալն էր. «Երեքշաբթի ո՞վ է գնում խմելու»: Պաշտոնական պատասխանն էլ հետևյալն էր. ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինն է Հայաստանում, «զբաղված ենք»», – գրում է թերթը՝ ենթադրելով, որ ռուսաստանյան կողմը պարզապես դեմարշ է արել ոչ միայն նախորդ շաբաթ կայացած Ծառուկյանի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման, այլև արևմտյան բլոկի նկատմամբ ԲՀԿ այսօրինակ ուշադրության համար:
Թերթի հարցին, թե արդյոք Օսկանյանի խնդիրը քննարկվե՞լ է ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է. «Ես ներկայացրի հանդիպման փաստը, այլ մանրամասների չեմ տիրապետում»: