2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Հայերի ու ադրբեջանցիների հանդիպումը՝ ինչպես գորբաչյովյան ժամանակներում

Հոկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը, որը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ադրբեջանում նման հանդիպման կազմակերպման գաղափարը խիստ բացասաբար էին ընդունել, Հայաստանում հանդիպման վրա շատ քիչ ուշադրություն են դարձրել: Ռուսատսանում լույս տեսնող հայկական «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնի խնդրանքով հանդիպման անցկացման փաստը մեկնաբանել է «Անիվ» ամսագրի գլխավոր խմբագիր Կարեն Աղեկյանը:

««Հայկական և ադրբեջանական հանրության» հանդիպումը Մոսկվայում ինձ հիշեցրեց Միխայիլ Գորվաչյովի ժամանակ կազմակերպվող նմանատիպ միջոցառումները: Նրանք ելնում էին այն փաստից, որ հայերի և ադրբեջանցիների շրջանում ամենահարգված մարդիկ ապրում են Մոսկվայում, և նրանց «իմաստուն խոսքն» ինչ-որ մեկի համար ազդեցիկ կարող է լինել: Դա այն ժամանակ էլ չէր համապատասխանում իրականությանը: Իսկ այժմ ուղղակի ծիծաղելի է: Այդ մարդիկ Հայաստանում, Ադրբեջանում կամ Ռուսաստանում իրական կյանքի մասին պատկերացում չունեն: Եվ, իհարկե,ծիծաղելի է, երբ նրանք սկսում են խոսել ինչ-որ բանի մասին, ինչն իրենց գործունեության շրջանակից դուրս է:

ԽՍՀՄ-ում հավատում էին, որ հայտնի կինոդերասանը կարող է դատողություններ անել ամեն ինչի մասին՝ կյանքի իմաստի, քաղաքականության, տիեզերքի: Այսօր դրան հավատում են միայն այդ հանդիպման կազմակերպիչները: Այդ աննշան և անպետք իրադարձությունը միանգամայն արդարացիորեն չի արժանացել հայաստանցիների, ինչպես նաև Սփյուռքի հայերի ուշադրությանը», - ասել է Աղեկյանը:

Նշենք, որ ադրբեջանական կողմից միջոցառման կազմակերպիչն էր «Ազերռոս» կազմակերպությունը: Հանդիպման մասնակիցները եկել են այն եզրակացության, որ իրենք, որպես ռուսաստանցիներ, չեն հավակնում և չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, սակայն իրենց ուժերի սահմաններում է ժողովուրդների միջև երկխոսություն սկսել և միմյանց միջև հարաբերություններում խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: