«Հայ Սահակաշվիլիի» քննադատը վերադառնում է Վրաստան
Վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան վերադառնում է Շոթա Ռուսթավելիի անվան թբիլիսյան թատրոն, որի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից նա ազատվել էր 2011 թվականին՝ Մշակույթի նախարարության որոշմամբ:
Facebook-ի իր էջում 74-ամյա Ստուրուան այսօր գրել է. «Որոշված է! Գնում եմ... Ես վերադառնում եմ! Այս թատրոնում ես ապրել և աշխատել եմ 50 տարի, և իմ պարտքն է չլքել իմ տունը»:
Հիշեցնենք, որ Ստուրուան պնդում էր, որ իրեն աշխատանքից ազատել են իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատական արտահայտությունների համար, մինչդեռ նախարարությունը որոշումը բացատրել էր ռեժիսորի ռասիստական կեցվածքով:
Ռեժիսորը բազմիցս մատնանշել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայկական ծագումը, բացասական ենթատեքստով կապել էր այդ հանգամանքը նրա ծավալած գործունեության հետ, ինչպես նաև նշել էր, որ Սահակաշվիլին չի սիրում վրաց ազգը, որովհետև հայ է:
«Ինչ վերաբերում է իմ այն հայտարարությանը, որ ես չեմ ցանկանում, որ իմ նախագահը հայ լինի, ապա ես չեմ կարծում, որ դա վիրավորական է: Եթե հայերից կամ ռուսներից մեկն ասի, որ երազում է, որ իր նախագահը վրացի լինի, ես ներողություն կխնդրեմ», - ասել էր Ստուրուան:
«Ես շատ հայ ընկերներ ունեմ, և անգամ մորաքույրս է հայ», – ասել էր ռեժիսորը` պնդելով, որ իր արտահայտություններում ռասիզմի հետք էլ չկա և որ ինքը մտադիր չէ ներողություն խնդրել: