2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Մարտի 1-ի մասին գրած պատմաբանը դեպքի վայրում չի եղել, Աշոտյանի հետ՝ «զուսպ և կոռեկտ»

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սրտնեղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հարցից, որն ուղարկվել է հաղորդագրության միջոցով, քանի որ Աշոտյանն այս պահին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Լիբանանում:

«ՀԺ»-ն նշում է, որ հարցը կապված է եղել Աշոտյանի օրոք հաստատված պատմության սկանդալային դասագրքի հետ, որում 2008 թվականի նախագահական ընտրությունների և մարտի 1-ի հետ կապված փաստեր են խեղաթյուրվել: Նախարարին հարցրել են՝ ո՞վ է պատասխան տալու պատմությունը կեղծելու  համար, և ե՞րբ է Աշոտյանը հրաժարական տալու՝ դասագրքի մուտքը բուհեր թույլ տալու համար:

«Ինձ հետ զուսպ և կոռեկտ», - իր պատասխանում նշել է Արմեն Աշոտյանը:

Դասագրքում, մասնավորապես, նշված է, որ «կոպտորեն մերժելով ընտրությունների արդյունքները` ընդդիմության արմատական թևը, իշխանությունների ամենաթողության պայմաններում արհամարհանքով խախտելով օրենքով սահմանված կարգը, փետրվարի 20-ից Երևանում սկսեց հանրահավաքների շարքը», ինչպես նաև գրված է, թե մարտի 1-ին «անկարգությունների ղեկավարի և կազմակերպիչների կոչերով ամբոխը սկսել է ավերներ գործել»՝ ջարդելով շուրջ 1000 մեքենա, ավերելով «Մոսկվայի տունը», «Վիվասել» ընկերության շենքը: Ցուցարարների ղեկավարների անունները նշված չեն:

Պատմության դասագրքի հեղինակներից մեկը՝ ԵՊՀ պատմության դեկան Էդիկ Մինասյանը, վերջին օրերին մասնակցել էր «Հակահարված» արտ նախաձեռնության ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպին:

Երեկ «ՀԺ»-ն զրուցել է Մինասյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք նա եղել է մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ հավաքվել են ընդդիմության համախոհները, երբ ոստիկանները ցրել են Ազատության հրապարակի խաղաղ հավաքը:

«Ես այնտեղ տեղում չեմ եղել, ես ասում եմ՝ մենք բոլորս այդ ժամանակաշրջանի ներկայացուցիչներն ենք», - ասել է Մինասյանը:

Նրա խոսքով՝ փաստերն ինքը վերցրել է Ազգային ժողովի փաստաթղթերից, որտեղ քննարկվել է այդ հարցը, Մարտի 1-ի հանձնաժողովի (ղեկավարում էր ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը – խմբ.) նյութերից, նաև մամուլից:

Լրագրողը խնդրել է նշել, թե որտեղից են վերցված կոնկրետ այն տեղեկությունները, թե ցուցարարները 1000 մեքենա են ջարդել, ավերել են «Մոսկվայի տունը» և «Վիվասել» ընկերության շենքը, կողոպտել են գրասենյակներ:

«Այդ տվյալները, ես ասեմ, և այդ ժամանակվա մամուլը կա... նաև Ազգային ժողովի փաստաթղթերից: Կարող ենք այդ փաստաթղթերն էլ տրամադրել ձեզ և նաև ներկայացնել մամուլին, եթե շատ ուզեք: Այդ նյութերի հիման վրա է, սա օդից վերցված չէ, եղա՞վ», - ասել է Մինասյանը:

Նա նաև ասել է, որ «կարիք չկար կոնկրետ կազմակերպիչների անուններ գրել», որովհետև «բոլորը լավ գիտեն՝ ովքեր են»:

Երեկ հայտարարությամբ է հանդես եկել «Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ, 2008 թվականի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ով դատապարտել է դասագրքում մարտի 1-ի վերաբերյալ փաստերի աղավաղումը:

Հայտարարության մեջ կոչ է արվում հետ կանչել դասագիրքը, այլապես մարտի 1-ին զոհվածների հարազատները պատրաստ կլինեն դիմել դատական մարմիններին և միջազգային կազմակերպություններին՝ «մեր որդիներին հանցագործության մեջ մեղադրանք առաջադրելու ԵՊՀ-ի փորձը կանխելու համար»: