2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Փակ շուկայի շինաշխատանքները կատարվում են մեծ շեղումներով. փորձագետ

Երևանի նախկին Փակ շուկայի ճակատագիրն այլևս չի  անհանգստացնում ոչ մեկի. շուկայի շինարարական աշխատանքները կատարվում են առանց նախագծի և բացարձակապես ուրիշ ուղղությամբ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Յուրաքանչյուր շինարարական  աշխատանք անելու ժամանակ պետք է հաստատված նախագիծ ունենալ, իսկ այս պարագայում չկա ու, չնայած սեփականատիրոջ հավաստիացումներին, որ հուշարձանն իր նախկին տեսքով է վերադառնալու, այդպես չէ: Շուկայի նախնական շինաշխատանքները կատարվում են մեծ շեղումներով», - նշել է մասնագետը:

Ճարտարապետի խոսքով՝ երբեմն իրենց ռեսուրսները բավական չեն լինում հուշարձանի տարածքում հսկողություն իրականացնելու համար:

«Մարդկանց անընդհատ չենք կարող ուղարկել շուկայի տարածքը հսկելու, դրա համար կան բազմաթիվ պատկան մարմիններ, որոնց սրբազան գործն է՝ կանխել նման բաները: Կարծում եմ՝ դրանից պետք է հետևություն անեն, կանգնեցնեն աշխատանքները և  կառույցը բերեն նախնական տեսքին», - ասել է ճարտարապետը:

Մինասյանը կարծիք է հայտնել, որ միգուցե ինչ-որ նախագիծ կա, բայց այդ նախագիծն իրենց կողմից չի քննարկվել, առավել ևս՝ հաստատվել:

«Պետական բազմաթիվ ծառայություններ կան, որոնք հենց տեսնում են, որ ինչ-որ տեղ կատարվում է առանց նախագծի հաստատման անթույլատրելի աշխատանքներ, իսկույն դադարեցնում են: Այս դեպքում պատկան մարմինները ոչինչ չեն անում ու մենք կանգնել ենք փաստի առաջ. դա նման է Օղակաձև զբոսայգու՝ Խանջյան 20 հասցեում շատ արաջ կառուցված ու փլուզված շինությանը, չնայած սրա համեմատ դա մի փոքրիկ բան էր ու այդքան հուշարձանի կարգավիճակ ունեցող օբյեկտ չէր: Եթե այսպես շարունակվի, ապա մենք կկորցնենք մեր ամենագեղեցիկ կառույցներից մեկը. չէ՞ որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի սխալ բան թույլ կտան, կամ կաղավաղվի կամ ավելի վատ հետևանքներ կարող ենք ունենալ», - ասել է մասնագետը:

Մինասյանը կոնկրետ շեղումների օրինակներ չի բերել, այլ նշել է, որ ամեն ինչ պարզ կլինի քննարկումից հետո:

«Նախևառաջ, չի պահպանվել կարից այն կողմ գտնվող փլված հատվածը, որը պետք է վերանորոգվեր, այլ կատարված է բոլորովին ուրիշ բան», - եզրափակել է Ճարտարապետների միության նախագահը:

Նշենք, որ Փակ շուկայի շենքը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:

Լուսանկարը՝ Facebook սոցցանցի Մամիկոն Սիմոնյան օգտատիրոջ էջից