հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Սովոր էին, որ Տեր-Պետրոսյանն էր լիդեր». Բագրատյանն իր առաջադրվելն անազնիվ չի համարում

«Սովոր էին, որ Տեր-Պետրոսյանն էր լիդեր». Բագրատյանն իր առաջադրվելն անազնիվ չի համարում

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը բացառում է, որ մինչ ընտրությունների օրը կարող է հանել իր թեկնածությունը: «Ինչո՞ւ բոյկոտեմ, եթե ասելիք ունեմ, եկել եմ՝ ասեմ: Դա կլինի նվեր իշխանություններին»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Բագրատյանը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը, ով նունպես առաջադրել է իր թեկնածությունը, բոլոր ընդդիմադիր թեկնածուներին առաջարկել էր Սերժ Սարգսյանին միայնակ թողնել ընտրապայքարում:

Բագրատյանի խոսքով՝ ինքը չի ստացել Ղուկասյանի առաջարկը, սակայն պատրաստ է հանդիպել նրան և ծանոթանալ ու քննարկել առաջարկը: Բագրատյանն ասել է, որ թեկնածությունը հանելու առաջարկ ստացել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից ևս:

Բագրատյանն անրդադարձել է նաև այն հարցին, թե արդյոք իր առաջադրումը թիկունքից հարված չէր ՀԱԿ-ին և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանին:

«Ի՞նչն է անազնիվ: Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվել, ես առաջարվել եմ: Ի՞նչն է անազնիվ: Ես երկու անգամ հետաձգել եմ համագումարը, ես նախապես ասել էի, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվի, ես կհանեմ իմ թեկնածությունը: Նույն տրաբանությամբ կարելի է ասել՝ մեկ ա՝ գիտեինք, որ չի առաջադրվելու, ինչու շուտ չէր հայտարարվում այդ մասին»,- ասել է Բագրատյանը:

Մեկնաբանելով ՀԱԿ-ի որոշ համակիրների դեմարշն իր դեմ՝ Բագրատյանն ասել է, որ ինքը չգիտի՝ արդյոք այդ շարժումն ուղղորդվում է, թե՝ ոչ:

«Մի չափազանցացրեք, ՀԱԿ-ի շատ համակիրներ գալիս, օգնում են: Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ՀԱԿ-ն իշխանությունը կազմաքանդելու շարժում էր, այդ գաղափարը կիսող մարդիկ գալիս են իմ կողմից»,- ասել է նախագահի թեկնածուն, իսկ իր դեմ արտահայտվող ՀԱԿ անդամների դիրքորոշումը բացատրել նրանով, որ «մարդիկ սովոր էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր լիդեր»:

Այնուամենայնիվ, Բագրատյանը խորհուրդ է տվել «եթե»-ներով սկսվող հարցերից խուսափել, սակայն կրկնված հարցին, թե ինչ է անելու, եթե ընտրությունները կեղծվեն, պատասխանել է. «Եթե ես համոզված լինեմ, որ հաղթել եմ, ժողովրդի առաջ ընկած գնալու եմ այնտեղ, որտեղ պետք է գնամ»:

Այլ ընդդիմադիր թեկնածուների հետ համագործակցությունը Բագրատյանը չի բացառել, սակայն նկատել է, որ դա կարող է անել միայն տնտեսական ծրագիր ներկայացնող թեկնածուի հետ, իսկ նման ծրագիր ունեն միայն ինքը և գործող նախագահը: Սերժ Սարգսյանի հետ Բագրատյանը պատրաստ է բանավիճել;

ՀՀ նախագահի թեկնածուին հարց է ուղղվել նաև այն մասին, թե արդյոք պատրաստ է վարչապետ աշխատել, եթե շարունակի նախագահել Սերժ Սարգսյանը:  Բագրատյանն ասել է, որ եթե իր խնդիրը պաշտոնը լիներ, ապա դա ավելի հեշտ կլիներ ստանալ չառաջադրվելու միջոցով:

Հրանտ Բագրատյանը նաև անրդադարձել է իր ծրագրի այն դրույթներին, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանը:

«Առաջին սկզբունքն այն է, որ որևէ պայմանագիր չի ստորագրվի, որը կպակասեցնի երկրի սուվերենությունը: Ինչ վերաբերում է ԼՂՀ հարցին, ապա ես չեմ տեսնում փոխզիջում: Տեսնում եմ միայն Ադրբեջանի ռիտորիկան, ես չեմ հասկանում՝ ինչ զիջումների է պատրաստ Ադրբեջանը: Մենակ տեսնում ենք, որ զենք է առնում», – ասել է Բագրատյանը: