Հեյդար Ալիևին չեն կարող կանգնեցնել Լինկոլնի և Գանդիի կողքին, որոշել է Մեքսիկայի դատարանը
Մեքսիկայի Դաշնային վարչական դատարանը մերժել է այդ երկրում Ադրբեջանի դեսպանատան բողոքը՝ պահպանել մայրաքաղաք Մեխիկոյի կենտրոնի այգիներից մեկում գտնվող Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանը: Այս մասին գրում է մեքսիկական «Կրոնիկա» պարբերականը:
Արձանն ապամոնտաժելու և այլ վայր տեղափոխելու որոշումը Մեխիկոյի համայնքային դատարանը կայացրել էր նախորդ տարվա նոյեմբերին, իսկ այժմ Դաշնային դատարանն այն ուժի մեջ է թողել: Արձանը կանգնեցվել էր 2012-ի հոկտեմբերի 1-ին, փոխարենը Ադրբեջանի դեսպանատունը 5 միլիոն դոլար էր ծախսել այգին բարեկարգելու համար:
Դրանից հետո մի խումբ իրավապաշտպաններ և ակտիվիստներ բողոքի ցույցեր են անցկացրել՝ պահանջելով հանել հսկայական արձանը: Նրանք նշել են, որ բռնապետի արձանը չի կարող գտնվել մի վայրում, որտեղ տեղադրված են Աբրահամ Լինկոլնի, Մահատմա Գանդիի կամ Մեքսիկայի ազգային հերոսների արձանները:
Բողոքի ակցիաներից հետո քաղաքային իշխանությունները 3 գիտնականներից բաղկացած հանձնաժողով էին ստեղծել, որը քննել էր խնդիրը և համարել, որ արձանը պետք է այլ վայր տեղափոխվի:
Դրանից հետո Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը «Լա Ռասոն» մեքսիկական թերթի հետ զրույցում ասել էր, որ արձանի ապամոնտաժման դեպքում իրենք կարող են փակել Ադրբեջանի դեսպանատունը, խզել դիվանագիտական կապերը և չեղյալ համարել 4 մլրդ դոլարի չափով ներդրումները, որոնք իր երկիրը նախատեսում էր իրագործել Մեքսիկայում: