2026 թ. մայիս 28, հինգշաբթի

«Սատարում է հայ ֆաշիստներին». Բաքվում հալածում են հայերի մասին վեպի հեղինակին

Ադրբեջանում արշավ է սկսվել ժողովրդական գրող, մշակույթի պատվավոր գործիչ  Աքրամ Այլիսլիի (լուսանկարում) դեմ, ով «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրի դեկտեմբերյան համարում տպագրել է հատված «Քարե երազներ» վեպից:

Վեպը նվիրված է Ադրբեջանում ապրած հայերին, իսկ նախաբանում ասված է. «Նվիրվում է իմ հայրենակիցների հիշատակին, ովքեր իրենցից հետո թողել են չսգացած ցավ»: «Քարե երազներում» զուգահեռներ են տարվում 1919թ. Ագուլիսում հայերի ոչնչացման և Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերի միջև:

Իշխանության ներկայացուցիչները խիստ քննադատության են ենթարկել ստեղծագործությունը: Իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլիի խոսքով՝ եթե Աքրամ Այլիսլին ցանկանում է անցնել Օրհան Փամուկի ճանապարհը, ապա նրանից Փամուկ դուրս չի գա:

Պատգամավորի խոսքով՝ եթե վեպի՝ մամուլում տարածված հատվածները համապատասխանում են բնօրինակին, ապա հեղինակը պետք է ներողություն խնդրի ժողովրդից:

«Ցավում եմ, որ Աքրամ Այլիսլին նման ստեղծագործություն է գրել ու այն հրապարակել ռուսերեն: Ինչի՞ համար է դա գրել: Հայ ֆաշիստներին սատարելու համա՞ր, որոնք չեն հերքում Խոջալուի ողբերգությունը և որոնք երեխաներին կենդանի փակում էին գազի խողովակներում և ավելի քան 250 հազ. ադրբեջանցի են քշել այդտեղից: Ի՞նչ է ուզում ասել ադրբեջանցի գրողը՝ նման վեպ հրատարակելով այն ժամանակ, երբ մենք միջազգային հանրությանն ենք փորձում հասցնել այս ամենը և հայերի հետ գաղափարական պատերազմ ենք տանում: Ցանկանում է Փամուկի պես Նոբելյան մրցանա՞կ ստանալ: Ուզում է ինչ-որ մեկին դո՞ւր գալ՝ խեղաթյուրելով սեփական ժողովրդի պատմությունը», - ասել է Ղուրբանլին:

Նշենք, որ 75-ամյա Այլիսլին վերջին շրջանում աչքի է ընկնում իշխանությունների հասցեին հնչեցվող քննադատությամբ: «Օբյեկտիվ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում գրողն ասել է, որ Ադրբեջանի իշխանությունը հետընթաց է ապրում այլակարծություն չհանդուրժող չինովնիկների պատճառով:

«Ներկայիս իշխանություններին հարկավոր չեն մտածող մարդիկ: 21-րդ դարում՝ ժամանակակից տեխնոլոգիաների և գլոբալիզացիայի պայմաններում, Ադրբեջանի իշխանությունները կուռքեր են բուծում, փնտրում և գտնում են պնակալեզների և զբաղվում են դատարկաբանությամբ: Դա հանգեցնում է հասարակության դեբիլացման»,- ասել է գրողը:

Այլիսլին համոզված է, որ իշխանությունների կողմից գրող Ռուստամ Իբրագիմբեկովի, պրոֆեսոր Ռաֆիկ Ալիևի և այլ մտավորականների վրա գործադրվող ճնշումը ցանկալի արդյունք չի տա: