Մարտի 1-ի դեպքերը նկարագրող դասագրքի հարցը կքննի վարչական դատարանը
Նախօրեին ՀՀ վարչական դատարան է ուղարկվել «Մարտի 1» բարեգործական ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարության: Ինչպես նշում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, վիճարկվում է մեծ աղմուկ առաջացրած պատմության դասագիրքը երաշխավորելու` Ա. Աշոտյանի հրամանը:
Հայցվոր կողմը դատարանից խնդրում է «Անվավեր ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի ««Հայոց պատմություն» աշխատանքը (հեղ.` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հր. Ռ. Սիմոնյան) որպես բուհական դասագիրք երաշխավորելու մասին» անցյալ տարվա դեկտեմբերի հրամանը:
Հայցադիմումում հիմնավորվում է, որ վիճահարույց հրամանն ընդունվել է ՀՀ Սահմանադրության 14-րդ (Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից), 39-րդ (Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք), «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի խախտումներով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների հարազատները ներողություն էին պահանջել դասագրքի հեղինակներից: