2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Հայերի մասին գրքի հեղինակի ընտանիքը Ադրբեջանում հետապնդումների է ենթարկվել

Ադրբեջանի ժողովրդական գրող Աքրամ Այլիսլին հաստատել է, որ աշխատանքից ազատել են իր որդուն, ով զբաղեցնում էր Ադրբեջանի մաքսային ծառայության ակցիզային բաժնի պետի պաշտոնը:

Բացի դրանից, գրողն ասել է, որ այժմ քննարկվում է նրա կնոջն աշխատանքից հեռացնելու հարցը: Վերջինս զբաղեցնում է Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, գրողը նաև ստիպված է եղել լքել պետության կողմից տրամադրված ամառանոցը:

Հիշեցնենք, որ գրողի նկատմամբ հետապնդումները սկսվել են «Քարե երազներ» գրքի հրատարակումից հետո, որը նվիրված է գրողի հայ-ընկերներին:

Գրքում խոսվում է հայերի նկատմամբ Ադրբեջանում բացասական վերաբերմունքի մասին ղարաբաղյան հակամարտության ժամանակ և ավելի վաղ շրջանում:

«Բանն այն է, որ մեզ մոտ դեռևս չեն կարողանում ընկալել գրական ստեղծագործությունը որպես այդպիսին, և վեպին քաղաքական մեղադրանքներ են առաջադրում: Վեպը գրական ստեղծագործություն է, և քաղաքակիրթ ժողովդրին հարիր չէ հանցագործություն փնտրել գեղարվեստական գործում», – ավելի վաղ ասել էր Այլիսլին:

Գրողը նշել է, որ ինքը ցանկանում էր հայերին, հատկապես Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց «մեսիջ» հղել առ այն, որ ադրբեջանցի ժողովուրդը նույնպես տեսնում է իր սխալները:

«Ժամանակը մեզ լիովին չի բաժանել, եկեք միասին նայենք դեպի համատեղ կյանքի տեսլականը: Վեպի իմաստը հենց դրանում է», – հայտարարել էր Այլիսլին: