Հայերի մասին գրքի հեղինակը այլևս «ժողովրդական գրող» չէ, որոշել է Ալիևը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել, որով «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիին զրկել է «ժողովրդական գրող» կոչումից:
75-ամյա գրողին նաև զրկել են պետական թոշակից:
«Բի-բի-սի»-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում Աքրամ Այլիսլին ասել է, որ «ժողովրդական գրող» կոչումից զրկելն իր համար անակնկալ էր, իսկ որոշումից «30-ական թվականների հոտ է գալիս»:
«30-ական թվականների դրա համար պարարտ հող էր նախապատրաստվում ժողովրդից ստացած նամակների օգնությամբ: Ես չէի կարող պատկերացնել, որ նման բան կարող է տեղի ունենալ: Ազատ խոսքը երաշխավորվում է Սահմանադրությամբ», - ասել է գրողը:
Հիշեցնենք, որ գրողի նկատմամբ հետապնդումները սկսվել են «Քարե երազներ» գրքի հրատարակումից հետո, որը նվիրված է գրողի հայ-ընկերներին:
Գրքում խոսվում է հայերի նկատմամբ Ադրբեջանում բացասական վերաբերմունքի մասին ղարաբաղյան հակամարտության ժամանակ և ավելի վաղ շրջանում:
«Բանն այն է, որ մեզ մոտ դեռևս չեն կարողանում ընկալել գրական ստեղծագործությունը որպես այդպիսին, և վեպին քաղաքական մեղադրանքներ են առաջադրում: Վեպը գրական ստեղծագործություն է, և քաղաքակիրթ ժողովդրին հարիր չէ հանցագործություն փնտրել գեղարվեստական գործում», – ավելի վաղ ասել էր Այլիսլին:
Գրողը նշել է, որ ինքը ցանկանում էր հայերին, հատկապես Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց «մեսիջ» հղել առ այն, որ ադրբեջանցի ժողովուրդը նույնպես տեսնում է իր սխալները:
«Ժամանակը մեզ լիովին չի բաժանել, եկեք միասին նայենք դեպի համատեղ կյանքի տեսլականը: Վեպի իմաստը հենց դրանում է», – հայտարարել էր Այլիսլին: